Դավիթ Մուրադյան. «Ցավոք սրտի, այսօր ապրում ենք միայն մեր լեզվի մակերեսին»

Դավիթ Մուրադյան. «Ցավոք սրտի, այսօր ապրում ենք միայն մեր լեզվի մակերեսին»

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: «Վերջին 25 տարիներին լսարան մտնելով՝ միշտ նայել եմ ուսանողների աչքերի մեջ, եւ հիմա տեսնենք, թե ինչպես կընթանա այս անաչք զրույցը»,- ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար առցանց դասախոսությունն այսպես սկսեց կինոգետ, հրապարակախոս, Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: Նրա դասախոսությունը մշակույթի բուն էության մասին էր, որովհետեւ նրա խոսքով, ի վերջո երկիրը որպես սեփական մշակույթի արդյունք է:

«Նախորդ դարի ականավոր պատմափիլիսոփաներից մեկը մշակույթը բնորոշել է որպես կյանքի ինքնուրույն ձեւ…, այսինքն` մշակույթը մի հատուկ գոյություն է, հատուկ էություն, հատուկ օրգանիզմ, որ գալիս-գումարվում է մեր ունեցած իրականությանը, ոչ միայն այդ իրականությունն արտացոլելու համար, որը հավանաբար առաջին գործառույթներից մեկն է ընդամենը, այլ այդ իրականությանն ինչ-որ բան գումարելը՝ բովանդակություն, փիլիսոփայություն, իդեալ, արժեհամակարգ, իր յուրահատուկ էությունը: Ի վերջո, այն ինչ մենք անվանում ենք մշակույթ, գուցե յուրաքանչյուրիս ձեւավորումն է՝ ըստ իր պատկերի:

«Ֆաուստի» հեղինակ Վոլֆգանգ Գյոթեն Էքերմանի հետ ունեցած զրույցում ասում է, որ եթե ուզում եք ազգ ստեղծել, թատրոն բացեք…Երեւի իդեալիստական ձեւակերպում է, սակայն արդյոք հին հունական եւ անտիկ թատրոնը չէր, որ այդպես ձեւավորել է հելլենական հավաքականությունը, որովհետեւ կա դրա նախորդ փուլը, երբ միմյանց միջեւ պատերազմում էին նույն հելլենները…Տրոյա…

Գուցե միասին մեկտեղվելով մեկ հանդիսավայրում, ապրելով նույն հերոսների կյանքով, նույն լեզվի տիրույթում, նույն աստվածներով եւ իդեալներով, ժամանակի ընթացքում հելլենները գտա՞ն իրենց միասնականությունը….Գումարման նշան է, որ իր հետ բերում է մի ամբողջ աշխարհայացքային համակարգ, ինչն ի վերջո ներդրվում է մարդու եւ հասարակության մեջ մշակույթով, որովհետեւ մշակույթը միայն գեղարվեստական ստեղծագործությունը, միայն թատրոնը չէ, միայն կինոֆիլմը չէ…Հող մշակել…Դու մշակեցիր այս հողը, որն իր երգը ծնեց… Տուն կառուցեցիր, հետո տաճար, զավակդ ունեցար, այդ հող մշակելը տարածքդ դարձնում է հայրենիք…»,-նշեց Դավիթ Մուրադյանը:

«Արդյոք հայ մարդը մի քիչ ավելին չի դարձել իր յուրաքանչյուր մեծ գրողից հետո, հայ գումարած Թումանյան գուցե ավելի ընդարձակ աշխարհայացք է, քան շրջապատող աշխարհը, հայ գումարած Չարենց…Եթե շարունակենք այսպես, արդյոք մենք մեր մշակույթի արդյունքը չենք, երկիրը որպես սեփական մշակույթի արդյունք:

Քանի որ համալսարանականների հետ եմ խոսում, հիշեմ Լեւոն Ներսիսյանի առաջին դասախոսությունը, որ կարդաց մեր կուրսում: Դա շատ վաղուց էր…Նախորդ դար, 60-ականների վերջ եւ առաջին բանը, որ մեզ ասաց լսարան մտնելով (անտիկ գրականություն էր մեզ դասավանդում) սա էր՝ յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծում է այնպիսի մշակույթ, որին ինքն արժանի է: Բայց հետո մշակույթը սովորաբար հարցնում է իր ժողովրդին՝ դու որքանով ես շարունակում արժանի մնալ ինձ, սա էլ իր քննությունն է պատմության եւ ժամանակների մեջ: Սակայն ի վերջո մշակույթը իրականության սահմաններն ընդարձակելու, հաղթահարելու համար է, որովհետեւ տալիս է կյանքի լրացուցիչ տարածություն:

Մարդը չի բավարարվում իր ունեցած իրականությամբ՝ ի տարբերություն մյուս օրգանական աշխարհի, ի տարբերություն կենդանական աշխարհի… Իրենց բավ է իրենց ունեցած իրականությունը, մարդուն՝ ոչ…Մարդուն բավարար չէ, որովհետեւ կա հոգեկան բաղադրիչը, եւ մարդն ուզում է ընդարձակել իր ապրելու տարածությունը:

Այդ պատճառով էլ քարանձավի պատին սկսում է փորագրել, այդ պատճառով էլ իր զավակի համար սկսում է երգել, այդ պատճառով էլ հետո այդ բոլորը վերաճում են սիմֆոնիաների, գեղանկարչության, գրականության, պոեզիայի, եղածի սահմաններից մի քանի քայլ ավելի, մի քանի քայլ վեր, մի քանի քայլ ավելի խորը…

Գիտե՞ք Զվարթնոցի ջրհորի մասին… Զվարթնոց տաճարի կողքին կա ջրհոր՝ դեռեւս իր գոյության ժամանակներում փորված: Ինչպես ճարտարապետներն են հաշվարկել 58 մետր է եղել Զվարթնոցի տաճարի բարձրությունը, նույնքան էլ ջրհորի խորությունն է: 58 մետր խորություն, 58 բարձրություն…Սա գուցե թե այն կատարյալ ներդաշնակությունն է, որ իր մեջ կրում է մշակույթը՝ որպես ստեղծագործական աշխատանք եւ աշխարհայացք: Խորության եւ բարձրության այս միասնությունը՝ գնալ տեսանելիից ավելին, հասնել այն խորություններին, որը առօրեական աչքը չի տեսնում, բայց մշակույթով հասնում է… Եվ բարձրությունը, որ մի քիչ ավելին է, քան մարդու սովորական ցանկությունները, փորձում է նրան դարձնել ավելի գեղեցիկ, ավելի բարձր նպատակներով առաջնորդվող, որովհետեւ միայն խորքային եւ այդ վերընթաց գիտակցությունն է, որ ապահովում է այն, ինչ մենք անվանում ենք առաջադիմություն, այն ինչ մարդուն տանում է պատմության փորձությունների միջոց, այն ինչ կազմակերպում է եւ տալիս համընդհանուր ազգային, հումանիստական նպատակ եւ այն ինչը ձեւավորում է ազգ եւ երկիր»:

Դավիթ Մուրադյանն ընդգծում է. «Ըստ էության, այն պետությունները, որոնք դասական իմաստով մտել են ասպարեզ եւ ազդել են համաշխարհային ընթացքի վրա, ունեցել են խորը մշակութային նախահյուսվածք: Սա մատրիցա բառն է, որ փորձում ենք հայերեն ասել: Այդ նախահյուսվածքի մեջ, ըստ իս՝ կարեւորագույնը լեզուն է, լեզուն սուվերենություն է, լեզուն հսկայական նախահյուսվածքն է, որ պայմանավորում է քո մշակույթի ինչպիսին լինելը, տալիս է նրան ծավալ, տալիս է ներքին, մի ամբողջ գեղարվեստական պոլիֆոնիա, Լեզուն կարեւորագույն մշակութային հիմք է, որ ունի որեւէ ազգ եւ մարդ:

Այդ իմաստով հայերենը բացառիկ լեզու է՝ հսկայական տարածական, իմացաբանական եւ ինտելեկտուալ հնարավորություններով… Սա այն լեզուն է, որով թարգմանվել է Կանտ, Արիստոտել, Հեգել, Շեքսպիր…Սակայն, ցավոք սրտի, այսօր մենք ապրում ենք միայն մեր լեզվի մակերեսին՝ չօգտագործելով նրա ներքին հզորագույն սիմֆոնիզմը: Որքան ավելի բարձր է լեզուդ, այնքան բարձր է գուցե թե քո ապրելու նպատակը, եւ այն չափանիշները, ըստ որոնց դու ուզում ես ունենալ՝ երկիր, մշակույթ, միջավայր եւ հարաբերություններ աշխարհի հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում