170 հազար բաժանորդ չի վճարել փետրվարի էլէներգիայի սպառման դիմաց. ՀԷՑ

170 հազար բաժանորդ չի վճարել փետրվարի էլէներգիայի սպառման դիմաց. ՀԷՑ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Analitik.amՓետրվար ամսվա էլէներգիայի սպառման գծով մինչև մարտի վերջ վճարում չի արել ընդհանուր բաժանորդների մոտ 15,5 տոկոսը։ Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը:

Նրա խոսքերով, ՀԷՑ-ն ունի մոտ 1 մլն բաժանորդ, որից 170 հազարը չի վճարել փետրվար ամսվա ծախսած էլէներգիայի դիմաց, որն աննախադեպ է․ «Երբևէ նման ցածր ցուցանիշ չենք ունեցել: ՀԷՑ-ի հավաքագրումները միշտ եղել են 100 տոկոս կամ գրեթե 100 տոկոս: Մենք նաև նախկին պարտքերն ենք ընթացքում հավաքագրում, այնպես որ վճարումները երբեմն կազմում են 100 տոկոսից ավելին»,– ասաց Սարջանյանը:

Իսկ թե որքան է այն բաժանորդների քանակը, ովքեր օգտվելու են կառավարության այսօրվա էլէներգիայի աջակցությունից, ՀԷՑ-ի մամուլի պատասխանատուն հաղորդեց, որ 222 000 բաժանորդ:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը որոշեց աջակցել փետրվար ամսին մինչև 5000 դրամ ծախսած էլէներգիայի բաժանորդներին՝ 50 տոկոսի չափով:

Գոհար Ստեփանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում