«Փաստ»․ Տեսնում են ուրիշի աչքի շյուղը, սակայն հրաժարվում են տեսնել իրենց աչքի գերանը

«Փաստ»․ Տեսնում են ուրիշի աչքի շյուղը, սակայն հրաժարվում են տեսնել իրենց աչքի գերանը

Սակայն իշխանություններին պատել է սեփական անսխալականության զգացումը, նրանց մեծամտությունը հասել է այնտեղ, որ իրենց թվում է՝ եթե հանրության մեծամասնության վստահությանն արժանացած իրենց քաղաքական ուժը ընդառաջ քայլ կատարի մյուս քաղաքական դերակատարների ուղղությամբ և հաշվի նստի նրանց քննադատությունների ու առաջարկների հետ, ապա դա կընկալվի որպես թուլություն։

Դա գալիս է նաև կառավարության վարած քաղաքականությունից, որի հիմքում դրված է ոչ թե աշխատանքի արդյունավետությունը, այլ ինչքան հնարավոր է ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին սևացնելը, սեփական իրավացիությունն ու անսխալականությունը ցույց տալը և, ըստ այդմ, սեփական վարկանիշը հնարավորինս փրկելը։

Եվ դա է պատճառը, որ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերների ու ասուլիսների ժամանակ ավելի շատ հիշում է նախկիններին, քան խոսում է ապագայի տեսլականի ու սեփական նախաձեռնությունների մասին։

Իսկ եթե խոսում է գործող կառավարության որևէ ծրագրի մասին, ապա անպայման փորձում է համեմատվել նախկինների հետ՝ թեկուզ 0,00001 տոկոսանոց որևէ առավելություն գտնելով:

Սակայն վարչապետը չի տեսնում սեփական թերացումները։ Մասնավորապես խոսքը վերաբերում է քաղաքականության մեջ ատելության և թշնամանքի երևույթի արմատավորմանը։

Բացի այն, որ իշխանությունները իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ հանրային թշնամանք բորբոքելու համար գործի են դնում ֆեյքերի ֆաբրիկաները, ատելության խոսքեր են հնչում նաև բարձրաստիճան պաշտոնյաների և ԱԺ պատգամավորների շուրթերից։

Ու ամենազարմանալին այն է, որ իշխանությունները շատ զգայուն են իրենց հասցեին արված յուրաքանչյուր թթու խոսքի նկատմամբ, սակայն իրենց հոգը չէ, թե ինչ կասվի մյուսների հասցեին։ Կարճ ասած՝ իշխանությունները տեսնում են ուրիշի աչքի շյուղը, սակայն հրաժարվում են տեսնել իրենց աչքի գերանը։

Վերջին ուղիղ եթերի ժամանակ էլ, երբ վարչապետը պատասխանում էր ամենաշատ հավանումներ ստացած հարցերին, անդրադարձավ իր ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումներին և ըստ այդմ ծանրացավ նաև անձնական բնույթի վիրավորանքների, կեղծ լուրերի վրա։

Վարչապետը մասնավորապես նշեց, որ եթե ծաղրանկարների, հայհոյանքների համար «պատժեն», կլինի ժողովրդավարության ոտնահարում, ուստի իր կողմից անելիք չի տեսնում, անելիքը հանրության դաշտում է։

Վարչապետը իր անելիքի բացակայության մասին թերևս հիշատակեց այն պատճառով, որ սոցցանցերում հայհոյանքներ ու ատելություն են տարածում առաջին հերթին իր կողմնակիցները և իրենց կողմից քաղաքական մանիպուլյացիայի համար օգտագործվող ֆեյքերը։ Այլապես վարչապետը կանդրադառնար ոչ միայն իրեն և իր ընտանիքին վիրավորող հրապարակումներին և մեկնաբանություններին, այլև ընդդիմադիր գործիչների արժանապատվությունը ոտնահարող ֆեյքային գրոհներին և ընդհանուր ատելության մթնոլորտին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում