Անշարժ գույքի ոլորտում 30% գնանկում կլինի. «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Համավարակի պատճառով ստեղծված տնտեսական իրավիճակի հետևանքով անշարժ գույքի ոլորտում մոտ 30 տոկոս գնիանկում տեղի կունենա, իսկ վարձակալության դեպքում՝ մինչև 50 տոկոս։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը։
«Մեր ոլորտը զրոյական վիճակում է, մարտի 16-ից սկսած չենք աշխատում։ Այսօրվա դրությամբ չեմ կարող գների մասին ոչ մի բան ասել, քանի որ գործարք չկա, որպեսզի վերլուծություն անենք, բայց կանխատեսում եմ, որ գների անկում կունենանք։ Տարվա կտրվածքով մոտ 30 տոկոս գների նվազում կնկատվի վաճառքի դեպքում, իսկ վարձակալությունը՝ մինչև 50 տոկոս կնվազի, քանի որ վարձակալական շուկան մեծ կախվածություն ունի տուրիզմից։ Հատկապես Կենտրոնի բնակարանների 90 տոկոսը տուրիստներն էին վարձում կամ ընկերությունները վերավարձակալությամբ էին տալիս տուրիստներին»,- ասաց Վահե Դանիելյանը։
Գործակալության տնօրենը 30 տոկոս գնանկումը պայմանավորում է այն հանգամանքով, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակից հետո հիպոթեքով բնակարաններ ձեռք բերած քաղաքացիները՝ աշխատանքի կորստի պատճառով, փորձելու են վաճառել անշարժ գույքը։ Նա հայտնեց, որ Կադաստրի պետական կոմիտե տվյալներով՝ վերջին 2 տարվա ընթացքում բնակարանների շուրջ 53 տոկոսը հիպոթեքային վարկով էին ձեռք բերվում։
«Քանի որ շատ մարդիկ իրենց աշխատանքը կորցրել են՝ ռեստորանային, տուրիստական, նույն մեր ոլորտը և այլն, բայց այդ մարդիկ վարկեր, հիպոթեքով գնված տներ ունեն, առաջարկն ինքնաբերաբար կմեծանա, որովհետև իրենք ստիպված պետք է վաճառեն այդ գույքը»,- նշեց Վահե Դանիելյանը։
Ըստ նրա՝ անշարժ գույքի ոլորտի վրա ազդում է ընդհանուր տնտեսական վիճակը՝ զբոսաշրջիկների կողմից բերված գումարների բացակայությունը, ֆիզիկական անձանց կողմից տրանսֆերտների կրճատումը, արտահանման ծավալների նվազումը։
«Սփյուռքահայերից շատերը Հայաստանում բնակարաններ էին գնում, իրենք ուղղակի չեն գա, թռիչքներ չկան։ Այս ամենը համադրելով մոտ 30 տոկոս շուկայական գնի անկում տեղի կունենա անշարժ գույքի ոլորտում»,- ասաց նա։
Արտակարգ դրության սահմանափակումների պատճառով տուժած գործակալությունը Կառավարությունից աջակցության մեծ սպասելիքներ չունի։
«Աղքատ Կառավարություն է մերը, մեծ ակնկալիքներ չունենք։ Ուղղակի Կառավարության աջակցության փաթեթների մասով մի անարդարություն կա, որն ինձ վրդովեցրել է։ Փաթեթներում այնքան արհեստական ֆիլտրներ են դրել, որ կարելի է ասել մի քանի հոգու է բավարարում, որ հնարավորինս քիչ մարդ օգտվի։ Օրինակ՝ մեր ընկերությունը մարտի 24-ից դադարեցրել է իր գործունեությունը, ես մեր 7-8 տարվա աշխատակիցներին գործից չեմ հեռացնի, որովհետև անորոշ իրավիճակ էր։ Մենք ուղղակի մեր գործունեությունը դադարեցրել ենք մինչև այս իրավիճակը շտկվի և մենք անցնենք մեր գործին»,- ասաց նա։
«Մենք տուժած ոլորտ ենք, մեր աշխատակիցները տարիներով եկամտահարկ են վճարել, մեր ընկերությունը տարիներով այդքան գումար է պետությանը վճարել հարկերի տեսքով, բայց մեր աշխատակիցները չեն կարողանում այդ ծրագրերից գոնե մեկից օգտվել, որ 68 հազար դրամ միանվագ գումար ստանան։ Նվազագույն աշխատավարձի չափով գումար էին հատկացնում աշխատանքից ազատված մարդկանց, բայց քանի որ մենք դադարեցրել ենք գործունեությունը որոշ ժամանակով, այսինքն՝ ընկերությունը աշխատանքից չի հեռացրել այդ մարդկանց, չի համարվում, որ այդ մարդիկ աշխատանքը կորցրել են։ Իրականում, նրանք փաստացի իրենց աշխատանքը կորցրել են։ Ամբողջ կյանքը հարկ են վճարել, մի անգամ աջակցության կարիք ունեն պետության կողմից, և դա ավելի մեծ հոգեբանական էֆեկտ կունենար, քան ֆինանսական»,- նշեց Վահե Դանիելյանը։
Նրա խոսքով՝ գործատուները մեծամասամբ չեն հեռացրել աշխատակիցներին, այլ որոշ ժամանակով դադարեցրել են գործունեությունը, ինչպես «Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում