Համո Սահյանի ծննդյան օրն է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Panorama.am։ «Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը։
Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն…»,- Համո Սահյանի մասին ասել է գրող Վահագն Դավթյանը։
Այսօր բանաստեղծ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Համո Սահյանի (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան) ծննդյան օրն է. 1914, Լոր, Սյունիքի մարզ։
Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։
Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։
1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։
Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը։
1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Սահյանի բանաստեղծություններում անձինք են համարվում անձրևը, ծառը, կայծակը, գետը, լիճը և այլն։
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
Համո Սահյանը մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:
«Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ…»,- ասել է գրող Հրանտ Մաթևոսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում