Ես նորից եմ կրկնում, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ. Արսեն Թորոսյան

Ես նորից եմ կրկնում, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Times.amԵս նորից եմ կրկնում, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ: Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի եթերում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե համամի՞տ է, որ երկրում ստեղծված իրավիճակը բացառապես հետևանքն է այն բանի, որ ժամանակին նախարարը չի կարծել, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վիրուս չէ, և կարիք չկա հատուկ միջոցներ կիրառել:

«Հատուկ վտանգավոր վարակները հայտնի են մեզ իրենց 50 տոկոս մահացությամբ, և զարմանում եմ, որ իմ այս բացատրությունը բազմիցս տրված, նորից հարցեր է առաջացնում: Ինչ վերաբերում է հատուկ միջոցառումներին, ես նկատի եմ ունեցել հատուկ վարակներին բնորոշ հատուկ միջոցառումները, ինչը չի նշանակում, թե միջոցառումներ չեն արվել, որոնց մասին խոսում ենք հունվարի վերջից: բոլոր պատշաճ և կիրառելի միջոցառումները իրականացվել ե»,-ասել է Թորոսյանը:

Դիտարկմանը, թե օրեր առաջ իր ասուլիսում Թորոսյանը հայտարարել է, որ 1-2 տարի նախկին կյանքին չենք կարող վերադառնալ, դա նշանակում է, որ դեռ 2 տարի ձեռնոցներով, դիմակներով, սոցիալական հեռավորությունը պահելով պե՞տք է ապրել, Թորոսյանն արձագանքել է.

«Հավանաբար այո, որովհետև նույնիսկ եթե մենք հիմա մեր կատարած միջոցառումների շնորհիվ ունենանք հիվանդության տարածման անկում, ինչին ձգտում է ամբողջ աշխարհը, ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում, այսինքն` կա մեծ հավանականություն, որ աշնանը` ցրտերն ընկնելուն պես, տարբեր երկրներում տարբեր սեզոններում կրկին կվերսկսվեն բռնկումները, որովհետև վիրուսի շրջանառությունը նույնիսկ լավ սցենարների դեպքում ի սպառ չի վերանա»:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է բուժված, դուրս գրված հիվանդների մոտ կրկնավիրուս լինի, Թորոսյանը նշել է, որ ամբողջ աշխարհում նման դեպքեր եղել են, սակայն հնարավոր է՝ անձի դուրս գրման պահին հետազոտությունը ճիշտ չի կատարվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում