ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքներ

ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Panorama.amԽորհրդարանը սկսել է հերթական աշխատանքային օրը։ ԱԺ նիստի մեկնարկին քվեարկության դրվեցին երեկ քննարկված նախագծերը։

ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Արուսյակ Ջուլհակյանի ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը չընդունվեց։ Նածագծին կողմ էր քվեարկել 1, դեմ՝ 89 և ձեռնպահ՝ 3 պատգամավոր։

Վարման կարգի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել, սակայն հետո պարզ է դարձել, որ որոշ լրացումներ պետք է արվեն, ուստի հանձնաժողովը առաջարկում է դեմ քվեարկել նախագծին։

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ առաջարկեց օրենքի նախագծի քննարկումը գրավոր առաջարկների ներկայացման փուլ տեղափոխել։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց՝ նախագիծը խնդրահարույց է, և կարելի է դուրս բերել օրակարգից։

«Եթե խորանանք, ապա կտեսնենք, որ շատ հնարավոր է՝ արտերկրում սուտ ցուցմունք տաս, և իմանաս, որ ՀՀ չգալով քրեական հետապնդման չես ենթարկվի։ Էդ սուտ ցուցմունքն էստեղ կիրառվելու է, մարդկանց դատելու են, իսկ ցուցմունք տվողը չի գալու էստեղ։ Հետևաբար ես կարծում եմ՝ սա շատ հում բան է, եկեք դեմ քվեարկենք, թող դուրս գա»,- ասաց Մարուքյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանն էլ տեղեկացրեց, որ այդ խնդիրը չի առաջանա, քանի որ նախատեսվում է՝ հյուպատոսական մարմնի ղեկավարին տալ հետաքննիչի կարգավիճակ, և նա նախազգուշացնելու է ցուցմունք տվողներին։

«Ներկայումս էլ այդ նույն խնդիրը կարող է առաջ քաշվել, եթե քննչական պահանջ ենք ուղարկում ինչ-որ երկիր։ Այնտեղ հետաքննության մարմինները կատարում են հարցաքննություն և հետ են ուղարկում այստեղ վարույթ իրականացնող մարմիններին, էլի Ձեր ասած խնդիրը կարող է առաջ քաշվել»,- ներկայացրեց Ատոմյանը։

Այնուամենայնիվ, 80 կողմ և 15 դեմ ձայներով օրենքի նախագծի քննարկումը տեղափոխվեց գրավոր առաջարկների ներկայացման փուլ։

ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Նազելի Բաղդասարյանի կողմից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։

Կողմ էր 111 և դեմ՝ 0 պատգամավոր:

Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։

Կողմ էլ քվեարկել 97 և դեմ՝ 14 պատգամավոր։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։

Կողմ էր 113 պատգամավոր։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված «Պետական նպաստի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։

Կողմ էր 112, դեմ և ձեռնպահ 1-ական պատգամավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում