ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է ավարտական և ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ
![ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է ավարտական և ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/38197235148b9e498c3aeaa42927885e.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը:
Ծավալված քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ:
Այնուհետև անդրադարձ է կատարվել ուսանողների վարձրավճարների հետ կապված խնդրին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այն ուսանողներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք ունեն ուումնառության բարձր մակարդակ: Այս հարցի վերաբերյալ ևս հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների ծրագիր:
Մտքեր են փոխանակվել նաև աշակերտներին պլանշետներով ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընթացի համապարփակ կազմակերպումը և ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին հանձնարարել ներկայացնել պլանշետների արտադրության կազմակերպման ծրագիր, որը ոչ միայն ստեղծված իրավիճակում լուծում կառաջարկի, այլ յուրաքանչյուր տարի աշակերտներին կապահովի պլանշետների անհրաժեշտ խմբաքանակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում