Ֆարմանյան. Մեր վրա խորթ փորձություն է դրված` սեփական եկեղեցին պաշտպանել սեփական իսկ կառավարությունից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Facebook: Կյանքում բաներ կան, երբ մարդը հաճախ խորությամբ չէ, որ գիտակցում է, թե արածն ինչ հետևանքներ կունենա իր կյանքի մնացած հատվածի վրա: Դե հնարավոր էլ չէ մաթեմատիկական ճշգրտությամբ ամեն ինչ չափել ու հաշվարկել: Ամեն մեկիս կյանքում էլ նման պահեր ու որոշումներ եղել են` էլ առաջին ծխախոտը վառելը, էլ սիրած աղջկա հետ գժտությունն ու ամուսնությունը, էլ երեխաների ծնունդն ու կնքահոր ընտրությունը, էլ ընկերոջ հետ մեծ վտանգի գնալն ու մասնագիտության/աշխատանքի ընտրությունը:
Ու այդպես շարունակ: Բայց, երբ դա դառնում է կենցաղ, դառնում է ապրելակերպ ու մարդն ապրում ու իր կյանքի կարևոր բոլոր որոշումները կայացնում է առանց դրանց հետևանքների մասին մտածելու, ինքն իրեն ու իր շրջապատին հաշիվ տալու, արդյունքում նա կորցնում է դեպքերի զարգացման վրա իր ազդեցությունն ու անխուսափելիորեն կործանվում: Արդեն իրադարձությունների ընթացքն ու պատահականությունն է, որ որոշում են մարդու ճակատագիրն ու կյանքի ընթացքը, նաև դրա ավարտը:
Մոտավորապես հենց նման մի աննախանձելի ու վտանգավոր իրավիճակում է այսօր հայտնվել Նիկոլ Փաշինյանը: Մարդ, ով ձեռքի նռնակի օղակն արդեն քաշած մահապարտ ահաբեկչի նման, թվում է, թե պատրաստ է ամեն ինչի` վտանգելով և՛ իրեն, և՛ իր թիմին, և՛ իր ղեկավարած երկրին, և՛ իր ժողովրդին:
Շատ բան կտայի, որ համացանցից, հնարավոր բոլոր աղբյուրներից ու մարդկանց հիշողությունից ջնջվեր այն, ինչ երեկ աչքս ծակեց. «ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ…»: Այսպես` գոռոզամիտ, վիրավորական, ինքնամեծար: Չեմ ուզում, որ ապագայի իմ որևէ հայրենակից կամ մեր ժողովրդի որևէ բարեկամ այս տողերով պատկերացում կազմեր մեր ու մեր անհոգի ժամանակների մասին: Չի հիշվելու ասվածի և ոչ մի համատեքստ ու առիթ:
Ժամանակի փոշին ծանրանալու, մաքրել-տանելու է էդ ամենն ու էս մարդկանց, նրանց անուններն էլ: Փոխարենը, հիշվելու է Հայաստանի կառավարության նախադեպը չունեցող այս ամբարտավան կեցվածքն ու այն բաց գժտությունը, որ այս ու այլ տողերով Փաշինյանի (այլևս անքննելիորեն այլածին ու մանկուրտ) կառավարությունը արդեն որքան ժամանակ է, ինչ հրահրում է սեփական եկեղեցու ու սեփական պատմության, մեծ հաշվով` սեփական ժողովրդի ու նրա ապագայի դեմ:
Չգիտեմ, թե ինչ տողերով ու ինչ բառերով արտահայտեմ զայրույթս: Ախր, եկեղեցին անձ չէ: Այն միայն մեր հոգու տունը չէ: Այն նաև մեր, մեր նախնիների ու մեր ապագա սերունդների ինքնության մի սյունն է: Գնացե՛ք, սեփական ձեռքերով ջարդեք-փշրեք էդ ու մյուս բոլոր կարևոր սյուները, ու դարձե՛ք ինքնությունից զուրկ, կենսագրություն ու հիշողություն չունեցող, սեփական ճամփան կորցրած, որկրամոլ ու չարացած, մոլորյալ մի թափառական: Մինչև վրա կհասնի առաջին մեծ արհավիրքը կամ կհանդիպի առաջին գազանը:
Ես չգիտեմ, թե արդյոք հայ առաքելական եկեղեցին այս անպատիվ իրավիճակում մեր աջակցության կարիքն ունի, կամ ինչպես պիտի այդ աջակցությունը դրսևորվի: Մեծ հաշվով եկեղեցուն ի՞նչ: Հետ նայեք պատմությանը, տեսեք, թե օտարներն ու թշնամիները դարերով որքա՜ն են տենչացել ու ինչե՜ր են արել` մեր եկեղեցին ծնկած տեսնելու, մեր ինքնությունը խաթարված տեսնելու համար: Քանդել ու ավիրել, սպանել, այրել ու այլասերել են այն, բայց արդյունքում` ծնկել ու պարտվել: Մեծ հաշվով, Փաշինյանի կառավարության` եկեղեցու հանդեպ այս ինքնարգո ու տհաճ պահվածքն ընդամենը չմոռացվող մի դառնահամ հիշողություն է թողնելու: Ուրիշ ոչինչ:
Այդ, երևի, մենք ենք, որ կարիք ունենք հասկանալու, թե այս ու՜ր ենք գնում, այս ու՜ր են մեզ առաջնորդում ու այս ի՜նչ են ուզում: Երևի, հենց մենք ենք, որ կարիք ունենք գիտակցելու, որ ճակատագիրը մեր` ժամանակակիցներիս վրա նաև էս տեսակ խորթ փորձություն է դրել` սեփական եկեղեցին պաշտպանելու սեփական իսկ կառավարությունից: Չթողնելու, որ արդեն քաշված օղակով նռնակը պայթի…
Հետևեք մեզ նաև Telegram-ում