Միսաք Մեծարենց. Արդի մարդուն Հայր Մերը տո՜ւր ինծի, Տէ՜ր․․․

Միսաք Մեծարենց. Արդի մարդուն Հայր Մերը տո՜ւր ինծի, Տէ՜ր․․․

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան`
Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Եվ ես` հանգույն երփնալուցկի վառող մանկան`
Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան`
Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ճրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնյան`
Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն սրբասաց իմ հոգյակիս ընեմ խորան`
Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրյան:

Տու՜ր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական,
Ու չըլլա որ ուիշներու կոծն ու կական
Խեղդել ուզեմ ջրվեժին մեջ դափիս ձայնին:

Տու՜ր ինծի, Տե՜ր ուրախությունն անանձնական,
Ու չըլլա՜ որ ծափիս ձայնին երգը գուժկան
Եսիս սենյա՜կն ունենա` ցու՜րտ առանձնարան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու սեղանիս վըրա դրված մեն մի նըկան`
Զույգ մը խինդե՜ր գեթ ունենա թող խաչանիշ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու բաղխեմ զայն սրտի սժայռին` իբրև մական`
Որ բղխեցնե ջուրն անեկմիտ երանության:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն ջուրերու վըրա ձըգեմ իբրև ուռկան,
Զայն իբր արոր ակոսներո՜ւն ձըգեմ վըրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն իբր անձրև ցողեմ ամեն դաշտին վըրան,
Զայն իբր արև բաշխեմ ամեն հորիզոնի:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն ընդգրկած իտեալին ըլլամ սրսկան.
Զայն լաստ ըրած ես Լույսերու նավո՜րդն ըլլամ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ժողվել` հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան,
Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանվորին:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ժողվել` հոգվույն մեջ ամենո՜ւն, համայնական
Հոգվույն ամեն մասնիկներուն մեջ` ամեն ժամ:

Ճամբաներեն, ու գետերեն, ու դաշտերեն,
Անտառներեն, ու լեռներեն, ու ձորերեն,
Տանիքներեն, ու տուներեն, ու դուռներեն`

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում