Հրապարակվել է Հիտլերի ինքնասպանության մասին մարշալ Ժուկովի զեկույցը Ստալինին (լուսանկարներ)

Հրապարակվել է Հիտլերի ինքնասպանության մասին մարշալ Ժուկովի զեկույցը Ստալինին (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Tert.am: «Ռուսաստանի ռազմապատմական հանրություն» կազմակերպությունը հրապարակել է Առաջին բելառուսական ռազմաճակատի հրամանատար Գեորգի Ժուկովի՝ 1945 թվականի մայիսի 3-ին թվագրված զեկույցը` ուղղված ԽՍՀՄ զորքերի գլխավոր հրամանատար Իոսիֆ Ստալինին: Զեկույցը վերաբերում է խորհրդային հակահետախուզության կողմից Երրորդ ռեյխի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և ռեյխի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի ինքնասպանություններին վերաբերող տվյալների հայտնաբերմանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հիտլերն ինքնասպանություն է գործել 1945 թվականի ապրիլի 30-ին` խորհրդային զորքերի կողմից պաշարված Բեռլինում:

Ժուկովի զեկույցում ներկայացված են Երրորդ ռեյխի բարձրաստիճան պաշտոնյաների գերեվարված սպասավորների ցուցմունքների հիման վրա ստացված տվյալներ:

Փաստաթղթում ասվում է, որ հակահետախույզները Ռեյխստագի տարածքում ձերբակալել են Գեբելսի անձնական խոհարար Վիլհելմ Լանգեին և նախարարի ավտոտնակի ղեկավար Շնայդերին: Վերջիններս տեղեկացրել են, որ Հիտլերն ինքնասպանություն է գործել ապրիլի 30-ին, սակայն թե որտեղ է նա թաղված, իրենք չգիտեն, իսկ Գեբելսը և իր կինը մայիսի 1-ին ինքնասպանություն են գործել Ռեյխստագի մոտակայքում գտնվող ստորգետնյա ապաստարանում:

«Գեբելսի ստորգետնյա ապաստարան մուտք գործելիս նրա աշխատասենյակի մուտքի մոտ հայտնաբերվել են տղամարդու և կնոջ վառված մարմիններ, որոնցում Լանգեն ու Շնայդերը ճանաչել են Գեբելսին և իր կնոջը: Լրացուցիչ այնտեղ է կանչվել քարոզչության նախարարությունում 4 տարի աշխատած «բելառուսական կոմիտեի գլխավոր քարտուղար» Բարտկևիչը, որը նույնպես ճանաչել է Գեբելսին և նրա կնոջը: Դիակների մոտ ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել, սակայն Գեբելսի աշխատասենյակում տարբեր փաստաթղթերով թղթապանակներ են գտնվել, որոնք կնքվել են և վերցվել հսկողության տակ: Տվյալների հաստատման համար հրամայվել է մայիսի 3-ի առավոտյան դիակները ներկայացնել 5 գերեվարված գեներալի, փաստաթղթավորել նրանց ցուցմունքները, լուսանկարել դիակները, մանրամասն ուսումնասիրել ապաստարանի իրավիճակը և պարզել դիակների վառվելու պատճառները, ինչից հետո ձեզ լրացուցիչ կզեկուցվի»,-գրել է Ժուկովը:

Բեռլինի գրավման գործողության մեկնարկի 75-ամյակի առթիվ հրապարակված զեկույցը ներառվում է «Ռուսաստանի ռազմապատմական հանրություն» կազմակերպության աննախադեպ կարևորության փաստաթղթերի շարքում և պատմում է այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում