Ի՞նչ բանակցությունների մեջ են իշխանությունների հետ «Յուքոմ»-ի բաժնետերերից Եսայան եղբայրները

Ի՞նչ բանակցությունների մեջ են իշխանությունների հետ «Յուքոմ»-ի բաժնետերերից Եսայան եղբայրները

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Analitik.amՎերջին օրերին մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Յուքոմ» ընկերության բաժնետերերից Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները ընկերությունից դուրս գալու դիմում են գրել, նրանց միացել են նաև 350 աշխատակից:

Այս տեղեկությունից հետո հայտարարություն տարածվեց, որում մասնավորապես ասվում էր, որ տեղի է ունեցել բաժնետերերի խորհրդակցություն, իրավիճակին տիրապետում են: Մեջբերենք հայտարարությունից մի հատված.

«Վերջին օրերը սթրեսային են եղել Ucom-ի աշխատակիցների, բաժանորդների, գործընկերների և հանրության համար։ Մենք տեղեկացված ենք, որ այս իրավիճակում ընկերության բարձրագույն մարմնի լռությունը աշխատակիցների շրջանում լուրջ անհանգստություն է առաջ բերել։ Սակայն մենք գործել ենք իրավական ու էթիկական նորմերը պահպանելու սկզբունքով՝ գիտակցելով, որ լռությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ: Մենք չենք նախաձեռնել տեղեկատվության արտահոսք և չենք փորձել այրել կամուրջները. մենք հավատացած ենք, որ ազնիվ չէ բանակցային փուլում հանրային կարծիքի մանիպուլյացիաները կամ աշխատակիցների դիմումները որպես սպառնալիք օգտագործելը։ Մեր դիրքորոշումը հանրայնացնում ենք միայն այսօր, երբ իրավական բոլոր մեխանիզմները թույլ են տալիս դա անել՝ ընկերության կանոնադրության և գործող օրենքների համաձայն։ Հայտնում ենք, որ տիրապետում ենք իրավիճակին և կարգավորման գործընթաց ենք նախաձեռնել»:

Հայտարարությունից ժամեր անց մեկ այլ հայտարարություն տարածվեց հետևյալ բովանդակությամբ. «Քիչ առաջ comms@galaxygroup.am էլփոստից ստացված հաղորդագրություն է տարածվել, որում նշված է. «Կից ուղարկում ենք Ucom ընկերության պաշտոնական հայտարարությունը՝ բաժնետերերի խորհրդի անունից»: Մամուլում տարածված հաղորդագրության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, չի տարածվել ընկերության կողմից: Նշենք, որ Ucom-ը «բաժնետերերի խորհուրդ» անվանումով կառավարման մարմին չունի, մամլո հաղորդագրությունները միշտ ուղարկում է սեփական էլփոստից: Ըստ երևույթին` հայտարարություն տարածողները չեն տիրապետում Ucom-ում տիրող փաստացի իրավիճակին: Նշենք, որ 833 աշխատակից արդեն ազատման դիմումներ են ներկայացրել: Չնայած ներկայացված դիմումներին` Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը: Հաշվի առնելով այս ամենը` խնդրում ենք չհավատալ հայտարարությանը և այսուհետ Ucom-ի անունից տարածել միայն պաշտոնական էլփոստից ստացված հայտարարությունները»:

Analitik.am-ը փորձեց պարզել, թե ինչ է կատարվում «Յուքոմ» ընկերությունում. նախ հիշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Վեոն Արմենիա» ընկերությունը դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով:

Այս մասով ՏՄՊՊՀ-ն դեռևս որոշում չի կայացրել, ինչը նշանակում է, որ հերքվում է այն տեղեկությունը, որ «Վեոն Արմենիա» ընկերության տնօրենը պետք է նշանակվեր գլխավոր տնօրեն, քանի որ դա այս պահին հնարավոր չէ՝ դեռևս չկա կնքված պայմանագիր, ընդամենը եղել են բանակցություններ: Այս դեպքում ինչի՞ էր պետք նման տեղեկության տարածումը: Սա հասկանալու համար Analitik.am-ը փորձեց ձեռք բերել որոշակի տեղեկություններ:

Ըստ մեր աղբյուրների, Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները համաձայնության են եկել իշխանության հետ և դուրս են եկել մյուս խոշոր բաժնետերերի դեմ՝ հետապնդելով անձնական նպատակներ: Պարզեցինք, որ որոշ ժամանակ առաջ «Գալաքսի գրուպ» և «Տաշիր» ընկերությունները որոշել են ստուգել գնումների բաժինը, քանի որ մոտ 12 տարի խոշոր ներդրումներ կատարելուց հետո էլ չի ստացվում շահույթ ստանալ, ինչն առաջացրել է կասկածներ:

Ըստ մեր տեղեկությունների, հայտնաբերվել են խոշոր չարաշահումներ, ինչից հետո փոխվել է գնումների բաժնի պետը, իսկ «Վեոն Արմենիա» ընկերության ձեռքբերման ժամանակ էլ նախատեսվում էր կատարել ընդհանուր աուդիտ, որի ժամանակ հնարավոր է հայտնաբերվեին Եսայան եղբայրների կողմից կատարված չարաշահումները նույնպես:

Եսայան եղբայրներն իրենց հերթին հայտարարություն տարածեցին այն մասին, որ պատրաստ են գնել «Յուքոմ» ընկերությունը՝ վարկային միջոցներ ներգրավվելու շնորհիվ: Այստեղ հարց է առաջանում, թե ո՞վ է բանկում Եսայան եղբայրների երաշխավորը մոտ 30 միլիոն դոլարի չափով վարկ տրամադրելու գործարքում այն էլ մի ընկերության ձեռքբերման համար, որն ունի բավականին պարտքեր և շահույթով չի աշխատում:

Այս ամենին զուգահեռ մամուլում հրապարակվում են տեղեկություններ այն մասին, որ Խաչատրյան ընտանիքին պատկանող գույքի վրա կալանք է դրված: Մեր տեղեկություններով, Եսայան եղբայրները որոշում են օգտվել առիթից և «Յուքոմ»-ի աշխատակիցներին, ովքեր իրենց անմիջական ենթակայության տակ են, ասում են, որ աշխատավարձերը բաժնետերերը չեն կարողանալու վճարել և «Վեոն Արմենիա»-ի հետ գործարքից հետո հնարավոր է՝ ամբողջ կազմը փոխվի՝ այդ մարդիկ էլ մնան առանց աշխատանք՝ չնայած որ նման քննարկում եղած չի լինում:

Ըստ մեր տեղեկությունների, Եսայան եղբայրները նաև իշխանության հետ են բանակցություններ սկսում «Յուքոմ» ընկերությունն ազգայնացնելու շուրջ՝ դրա դիմաց պահանջելով, որպեսզի ազգայնացնելուց հետո իրենց նշանակեն «Յուքոմ»-ի կառավարիչ:

Այս բանակցությունները վարելու համար նույնիսկ շտաբ է ստեղծվում՝ Եսայան եղբայրներին պատկանող ռեստորաններից մեկում, որտեղ էլ ընթանում են հանդիպումները և բանակցություններն իշխանության ներկայացուցիչների հետ:

Այս բանակցությունների մեջ ակտիվ ներգրավվածություն ունեն Տիգրան Ավինյանը՝ միջնորդների տեսքով, Խաչատուր Սուքիասյանը և մի շարք այլ անձինք: Ըստ մեր տեղեկությունների, իշխանությունը նպատակ ունի Եսայան եղբայրների ազդեցության շնորհիվ օգտագործել «Յուքոմ»-ի աշխատակիցներին՝ աշխատանքից ազատման դիմում գրելու ձևով, որից հետո արդեն կառավարության միջամտության անհրաժեշտություն կառաջանա, և հաշվի առնելով այն, որ կապի ոլորտը գտնվում է ազգային անվտանգության տիրույթում, կառավարությունը կկարողանա ազգայնացման գործընթաց սկսել:

Փաստացի, ՀՀ ամենախոշոր կապի օպերատորներից մեկը կհայտնվի իշխանության վերահսկողության տիրույթում, ինչը հնարավորություն կտա ամբողջովին վերահսկել «Յուքոմ»-ի բաժանորդներին: Իհարկե, հայտնի չէ, թե ինչպիսին կլինի «Յուքոմ»-ի աշխատակիցների, ինչպես նաև հենց «Յուքոմ»-ի հետագա ճակատագիրը՝ հաշվի առնելով այն հաստատությունների վիճակը, որոնք պետականացվեցին՝ օրինակ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը, բացի այդ կա նաև այլ խնդիր՝ արդյոք ազգայնացնելուց հետո պետությունն ի վիճակի է մշտապես կատարել միլիոնավոր դոլարների ներդրումներ, քանի որ կապի ոլորտն ամենաարագ զարգացողներից է և պահանջում է մշտական թարմացումներ:

Մեր ունեցած տեղեկությունների վրա հիմնվելով, ստացվում է, որ հերթական անգամ իշխանությունը փորձ է անում «բիզնես խլել» և այն փոշիացնել՝ փորձելով ցույց տալ ժողովրդին, թե իբր կապիտալ է ազգայնացնում:

Պետք է նշել, որ կա նաև զարգացման մեկ այլ սցենար, որ իշխանությունը «Յուքոմ»-ն ազգայնացնելուց հետո այն շատ հարմար գնով կվաճառի յուրայիններից մեկին, ինչի պարագայում էլ մենք գործ կունենանք դասական բիզնես խլելու գործընթացի հետ, որն այդքան քննադատվում էր գործող իշխանության կողմից: Գուցե Եսայան եղբայրների բաժնեմասերն էլ արդեն կրկնապատկվեն այս գործարքը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում