Եկեղեցին աստվածակերտ մարմին է, որը գործել, գործում ու գործելու է Սուրբ Հոգու ներգործությամբ. Տեր Տիրատուր

Եկեղեցին աստվածակերտ մարմին է, որը գործել, գործում ու գործելու է Սուրբ Հոգու ներգործությամբ. Տեր Տիրատուր

Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը գրում է. «Հայ Առաքելական Եկեղեցու Օծյալ Հայրապետի դեմ ամեն մի հերյուրանք ու չարաբանություն վիրավորանք է ողջ եկեղեցու դեմ։ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ ու չի գործում կուսակցությունների կանոններով։ Եկեղեցին աստվածակերտ մարմին է, որը գործել, գործում ու գործելու է Սուրբ Հոգու ներգործությամբ։ Եկեղեցու Օծյալ Հայրապետը քաղաքական գործիչ չէ, որ վախենա քաղաքական իշխանություններից, նրա Իշխանությունը աստվածային ու երկնային է, իսկ այդ իշխանությունը նրան փոխանցելու համար, նրան ընտրում է ոչ թե Հայաստանի բնակչության մի մաս, այլ աշխարհասփյուռ համայն Հայ Առաքելական Եկեղեցու ընտրյալ ու օրինավոր պատվիրակությունը՝ Ազգային Եկեղեցական Ժողովը: Ահա հայոց մեծամասնությունը։ Իսկ հայոց մեծամասնության անունից, ոչ ոք իրավունք չունի խոսելու, բայց միայն այն, ում այդ հայությունը ընտրել է, եւ դա մեր եկեղեցու Հայրապետն է։

Այն արշավը, որ վերջին տարիներին ակնհայտորեն տարվում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, դատապարտված է ձախողման։ Դատապարտված է, որովհետև կառուցված է հերյուրանքների, ստերի ու էժանագույն սպեկուլացիաների ու մանիպուլացիաների վրա։ Այո, փաստերը խեղաթյուրելով, սուտ վկայություններ տարածելով, ապատեղեկացնելով ու հերյուրելով Քրիստոսին էլ խաչ հանեցին։ Բայց Քրիստոս հարություն առավ, որովհետև ստի ոտքերն են կարճ, իսկ ուրիշի համար փոս փորողը ինքն է փոսն ընկնում․․․ Մեր Եկեղեցին առաջին անգամ չէ, որ սուտ երդումների ու սուտ վկայությունների պատճառով հալածվում է։ Բայց մեր Եկեղեցին 1700-ից ավելի տարեկան է, իսկ ո՞ւր են նրանք, ովքեր սուր էին բարձրացնում հոգեւորականի դեմ ու ելել էին Եկեղեցին ոչնչացնելու․․․

Վերջին տարիների զարգացումը մեր ազնիվ ու արդար ժողովրդի մոտ հույս էր առաջացրել, որ մեր երկիրը ազատվելով անցյալի սխալներից պիտի քայլի ժողովրդավարության, հարգանքի, մարդու իրավունքների արժևորման և այլ բարձր իդեալների հիմքի վրա։ Սա ուրախացնում էր մեզ, մինչև օր օրի, ավելի ու ավելի ականատես չդարձանք, որ «թացն ու չորը» իրար խառնած, ոմանք վրեժխնդրության ճանապարհն են ընտրել ու փորձում են դա իբրև ժողովրդավարություն հրամցնել հանրությանը։ Բայց դա չի անցնի։ Մեր ժողովուրդը միգուցե միամիտ է, բայց մեր ժողովուրդը հիմար չէ։

Մենք, Հայ Առաքելական քրիստոնյաներս, որ սրբության պես դարերով պահել ենք մեր հայրենիքը ու մեր սրբությունները, հավատում ենք, որ Աստված սիրում է մարդկանց իրենց բազմազանության մեջ․ թե մեղավորների ու թե արդարների համար է ամեն առավոտ արև է ելնում, անձրև գալիս, ծառը պտուղ տալիս։ Մենք, Հայ Առաքելական քրիստոնյաներս, գիտենք ինչ է պատիվ, ինչ է սրբություն, ինչ է հայրենիք, ինչ է ինքնազոհաբերում, ինչ է խնամք, ինչ է հյուրասիրություն, ինչ է հոգևոր սնունդ, ինչ է հալածանք, ինչ է Գողգոթա, բայց գիտենք նաև որ կա հարություն։ Այդ իսկ պատճառով մենք մեզ պարտավոր ենք զգում հարգել յուրաքանչյուր անհատի արժանապատվությունն ու իրավունքը, քաջալերել համերաշխությունը մեր հասարակության մեջ, լինել աղքատի ու կարիքավորի կողքին, հիմնականում դրա մասին չբարձրաձայնելով: Ես հասկանում եմ, որ պոպուլիստական մոլությամբ տարվածների համար այս մոտեցումը անհասկանալի ու անըմբռնելի է։ Բայց թող նրանք էլ հասկանան, որ ժողովրդավարությունը, բազմակարծիք հասարակությունը, իրավունքի երկիրը, միակողմանի ու միայն հանրության մի փոքր հատվածի առժամյա իղձերի ու երազանքների իրականացմամբ չի ստեղծվում։

Մեզ համար կարևոր են կառուցողական երկխոսությունը և տարբեր կարծիքների ներկայացուցիչների փաստացի և մարդասեր շփումը: Բայց մենք թույլ չենք տա, որ մեր իրավունքները խախտվեն ու հափշտակվեն։ Հատկապես մեր, բոլոր հայ քրիստոնյաների անունից, առանց մեզ հարցնելու, խոսելու իրավունքը, ոչ ոք ոչ մի քաղաքական գործչի չի տվել ուստի և ոչ մի քաղաքական գործիչ իրավունք չունի իր քիթը խոթելու մեր Եկեղեցուց ներս։ Իսկ եթե տվյալ անձը սրտացավ է ու անկեղծ, ապա կա Եկեղեցում կարգ ու կանոն, ըստ որի նա կարող է գործել։

Չարամիտ ու նենգամիտ նետերը, ուղված մեր եկեղեցու, եկեղեցականի ու իրենց միջոցով Հայ Առաքելական Եկեղեցու ամեն մի զավակի հանդեպ, վերադառնալու են նետերն արձակողին։

Սիրելի Հայ Առաքելական Եկեղեցու ճշմարիտ զավակներ, Հայաստանում եւ Սփյուռքում, Մտավորականներ ու մշակութային գործիչներ, մեծեր ու փոքրեր, այսօր ձեր հոգևոր հայրերին կհալածեն, վաղը ձեզ։ Ոտքի ելեք ու եկեք միասին պաշտպանենք մեր Սրբությունները, մեր Հավատքը, մեր Եկեղեցին, մեր Ինքնությունը, մեր Լեզուն, մեր Մշակույթը։ Թույլ մի տվեք, որ չարը, իր խորամանկ ստերով, ապատեղեկատվությամբ ու սատանայական նենգությամբ, շեղի ձեզ, քանզի «Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց. նմա փառք, յաւիտեանս. Ամէն»։

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում