«Իրավունք». Նիկոլ Փաշինյանը, վերջնականապես կանգնելով անդունդի եզրին, որոշել է նոր խաղ խաղալ

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանը, վերջնականապես կանգնելով անդունդի եզրին, որոշել է նոր խաղ խաղալ

«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորս գիտենք, որ Հայաստանում կա անտառահատություն, որ անտառահատության հաշվին մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, և այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք իշխանությունները դեռ ամիսներ առաջ ուսումնասիրել էին, թե քանի մարդ է անտառահատությամբ զբաղվում, ովքե՞ր են նրանց պարագլուխները, և ինչ պետք է անել, որպեսզի այդ մարդիկ սովից չմահանան:

Սրանք հարցեր են, որոնք մնացին սառույցին գրված, սակայն Նիկոլ Փաշինյանը հավանաբար սթափ գիտակցեց, որ անտառահատների հանդեպ ցուցաբերած ոչ բարեխիղճ պահվածքը, այն է` գիշերվա ժամը 3-ին կիսամերկ ծեծի ենթարկելը, կարող է շատ լուրջ ազդել իր վարկանիշի վրա, քանի որ բոլորին է հայտնի, որ առանց «ամենագետ» Փաշինյանի հրամանների, Նոր Հայաստանում ոչինչ չի արվում:

Ինչ խոսք, դեռ ամիսներ առաջ` ամռանը, երբ ոստիկանները որոշ փայտահատների կիսամերկ վիճակում ծեծի ենթարկեցին, թե Փաշինյանի ծննդավայրում, թե հարակից քաղաքներում և գյուղերում վերջինիս վարկանիշն էապես անկում ապրեց, ավելին` որոշ մարդիկ սկսեցին վարչապետին ատել` վերջինիս մեղադրելով իրենց երեխաներին օրվա հացից զրկելու համար:

Ահա ամիսներ անց, երբ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Հայաստանում ի հայտ եկավ նոր կորոնավիրուսը, և երկրում դադարեցվեց որոշ տնտեսական գործունեություն իրականացնող կառույցների գործունեությունը` տնտեսական խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, իսկ ահա երթուղայինի վարորդները ևս սովի մատնվեցին, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ վերջնականապես կանգնած է անդունդի եզրին, ու ահա վերջինս որոշեց նոր խաղ խաղալ` իր վարկանիշն ինչ-որ չափով կայուն պահելու և սահմանադրկան հանրաքվեն չտապալելու համար:

Մեր հավաստի տեղեկություններով` որոշ մարզերում անտառտնտեսության ղեկավարները ներքին կարգով հրաման են ստացել անտառներում հսկողությունը թուլացնելու, իսկ ավելի կոնկրետ փայտագողությունը թույլատրելու և փայտահատներին մի որոշ ժամանակով ազատ թողնելու համար:

Իհարկե, այս անհասկանալի և փոփոխական հրամանների իմաստը մեկն է` կայուն պահել կեղծիքով և ստով ձեռք բերված վարկանիշը մինչև սահմանադրական հանրաքվեն, եթե իհարկե այն ընդհանրապես կայանա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում