«Հրապարակ». Տիգրան Ավինյանը չի կատարել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը չի կատարել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Դուբայից հետ է կանչել իր երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանին, որ նա օգնի պարետատան աշխատանքներին: Պարետատանը մոտ 20 երիտասարդներ են աշխատում և գործը կազմակերպելու լուրջ դժվարություններ են ունեցել, իսկ Մուրադյանն ապարատային աշխատանքի մեծ փորձ ունի։

Սակայն, պարզվում է, Նիկոլ Փաշինյանն անբացատրելի հակակրանք ունի նրա նկատմամբ և տեղեկանալով, որ Ժորիկն օգնում է Ավինյանին, իր մոտ է կանչել Ավինյանին և հանձնարարել՝ կառավարության շենքից վտարել Մուրադյանին։

Ավինյանը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ ասելով, որ ինքն է խնդրել, որ նա հետ գա Դուբայից և օգնի իրենց։ Վարչապետն ասել է՝ ուրեմն իմ անվտանգության աշխատողները կանեն դա, և թիկնապահներին ուղարկել է իր հանձնարարությունը կատարելու։

Բայց մինչ նրանք կգնային, Մուրադյանին տեղեկացրել են վարչապետի հանձնարարականի մասին, և նա ինքն է իրերը հավաքել ու հեռացել կառավարության շենքից։ Երեկ մենք կապվեցինք Մուրադյանի հետ․ «Ճի՞շտ է, որ էլ չեք աշխատում պարետատանը»։ «Ես չէի էլ աշխատում, այլ որպես վալանտյոր՝ կատարում էի և շարունակում եմ կատարել պարետի հանձնարարությունները, կամավորական գործունեություն է»:

«Այսինքն՝ Դուք գնո՞ւմ եք կառավարություն»։ «Իմ գործունեությունն այնպիսին է, որ պարտադիր չէ գնամ․․․ այո, ֆիզիկապես այլևս պարետատանը չեմ լինում»,- ասաց Մուրադյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում