Չէ՛, ձեր շուրջը մի՛ նայեք` մեղավոր գտնելու նպատակով…

Չէ՛, ձեր շուրջը մի՛ նայեք` մեղավոր գտնելու նպատակով…

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Facebook«Մենք աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք», «Մենք հայ քրիստոնյա ենք», ճի՞շտ է: Ճի՛շտ է: Սակայն սրանք, ցավոք, լոկ պաստառներ են, որ ժամանակ առ ժամանակ պահարանից հանում ենք օտարներին ցույց տալու և կրկին այնտեղ պահելու համար: Քանի որ, եթե իսկապես լինեինք այն, ինչ ասում ենք, ապա մեր եկեղեցիները չէին բավարարի բոլոր հայ քրիստոնյաներին տեղավորելու համար: Որովհետև տեսե՛ք` Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ բնակչության գերակշիռ մեծամասնությունը նույն ազգին է պատկանում և նույն կրոնի հետևորդ է: Մեր ժողովրդի մեծամասնությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում մկրտված է, ուստի և հետևորդ է համարվում: Բայց ո՞ւր եք դուք, սիրելի՛ հայ քրիստոնյաներ: Չէ՛, ձեր շուրջը մի՛ նայեք` մեղավոր գտնելու նպատակով, քանի որ Քրիստոս ասաց՝ աչքիդ գերանը թողած, եղբորդ աչքի շյուղը մի՛ հանիր (Հմմտ. Մտթ. 7:3-5):

Ամեն կիրակի Քրիստոս` Ինքը Տերն ու Արարիչը կանչում է ձեզ Իր Հոր տուն` հանդիպման: Ամե՛ն կիրակի, ամե՛ն պատարագի: Իսկ դու ո՞ւր ես, սիրելի՛ հավատացյալ: Երբ եկեղեցու զանգերը հնչում են, սարկավագը ձեզ չի կանչում, ես չեմ կանչում, այլ Քրիստոս է ձեզ կանչում վերնատուն: Գիտենալով, որ յուրաքանչյուր կիրակի վերնատանը Քրիստոսին հանդիպելու անգին հնարավորություն ունեք՝ չեք գալիս: Ու կրկին ասում եմ ձեզ` ուրիշի աչքի շյուղը չէ պատճառը, այլ սեփական թերահավատությունը, ծուլությունը, անտարբերությունը, մեծամտությունն ու ամբարտավանությունը: Յուրաքանչյուրն անկեղծ ու ազնիվ ինքնաքննության դեպքում կգտնի իր գերանը կամ գերանները:

Տեր Գրիգոր քհն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում