Բեմի թագուհին՝ Արուս Ոսկանյան․ ապրիլի 28-ը մեծանուն դերասանուհու ծննդյան օրն է

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դերասանուհու անձնավորած կերպարները ներքուստ եղել են կամային, զուսպ, իսկ խաղի արտահայտչամիջոցները՝ անկաշկանդ, երբեմն տարերային։ Նրա բեմական խաղի ձեւը հմայքն է եղել, բովանդակությունը՝ ուժեղ կինը։
Արուս Ոսկանյանի բեմական հույզը վեհություն է ունեցել։ Իր կերպարի զգացմունքները սիրել է ցուցադրել։ Ոչ թե բնավորություն է խաղացել, այլ բնավորության պատկերում՝ Դեզդեմոնա («Օթելլո»), Զեյնաբ («Դավաճանություն»), Կատերինա («Ամպրոպ»)։ Պիեսի բովանդակությունից է բխել նրա կերպարի հոգեբանական կողմը՝ Մարգարիտ («Պատվի համար»), Սուսան («Նամուս»), Նորա («Նորա»)։ Նա իր հանդիսատեսին հրապուրել է բեմական անդիմադրելի հմայքի եղանակով։ Թերեւս, նրա խաղի գաղտնիքը անկեղծությունն է եղել, որի մեջ՝ գեղարվեստականացված կյանքը։
20-րդ դարասկզբի բեմի թագուհին ամենքին հիացրել է իր թովիչ խաղով։ Արուս Ոսկանյանի դերասանախաղը բարձր է գնահատել անգամ այնպիսի անվանի հայ դերասան, ինչպիսին է Վահրամ Փափազյանը։ Այդ ժամանակ, երբ Փափազյանի բեմական վերելքի շրջանն է եղել, Արուս Ոսկանյանը դարձել է նրա խաղընկերը։ Շեքսպիրի «Օթելլո» պիեսում խաղալը, այն էլ՝ գլխավոր դեր, շատ դերասանների համար եղել է երազանք։ Արուս Ոսկանյանին հաջողվել է մարմնավորել Դեզդեմոնայի գլխավոր կերպարը՝ դառնալով Օթելլո-Վ. Փափազյանի բեմընկերը։ «Դեռեւս ո՛չ մի Օթելլո այդքան չէր սիրել իր Դեզդեմոնային։ Վերջապես եղավ մի օր, երբ ես սարսափով զգացի, որ մենակ չէի նույնիսկ այնտեղ, որտեղ արտիստը միշտ մենակ պետք է լինի, եթե արտիստ է բեմում ստեղծագործելիս. եւ իմ Օթելլոն սկսեց խանդել իր Դեզդեմոնային… իմ նկատմամբ…»,–տարիների հեռվից խոստովանել է Վահրամ Փափազյանը։
Արուս Ոսկանյանի բեմական հմայքով հափշտակվեն են նաեւ շատ անվանի մտավորականներ։ Եղիշե Չարենցը ընկերական հարաբերություններ է ստեղծել մեծանուն դերասանուհու հետ։ Հափշտակված նրանով՝ սիրահետել է, իր մուսան համարել, նվիրել ներբողներ, էպիգրամներ։ 1917-ի հոկտեմբերի 7-ի ե՛ւ «Մշակի», ե՛ւ «Հորիզոնի» էջերում ուշագրավ տառատեսակներով հայտնել են, որ հոկտեմբերի 9-ին Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնում տիկ. Դուրյան-Արմենյանի մասնակցությամբ ներկայացվելու է Լ. Շանթի «Հին աստվածները»՝ 12 պատկերով։ Դերասանական խմբում է եղել նաեւ Արուս Ոսկանյանը. այդ ժամանակ պոլսահայ դերասանուհու ամենածաղկուն շրջանն է եղել։ Ե. Չարենցը ներկայացումից շատ առաջ եղել է թատրոնի արտիստական մուտքի առջեւ։ Արուս Ոսկանյանի հանդեպ սերն ու հիացմունքն է եղել պատճառը, որ ժամանակից շուտ է եկել թատրոն՝ դերասանուհուն տեսնելու ակնկալիքով։ Ե. Չարենցի անտիպ երկերում «Գովք Արուսին» յոթ եւ ութ տներում կարծես պոետը նկարագրում է դերասանուհուն հենց
Սեդայի դերում…
Քո քայլերով օրորուն,
Կարկաչներով ձայնիդ-
Դու ինձ տանում ես հեռուն
ԽրախճանքիÕ այն հին…
Որպես հնչուն մի եղեգ՝
Ոգի ոսկեձայն,-
Դու այս հողում հրեղեն
Շքեղ բարձրացար…
Նոր երգեհոն դարձար։
Գրականության եւ արվեստի թանգարանի Ե. Չարենցի ֆոնդում պահպանվում է նրա ինքնագիր տետրը, ուր պոեմի հաջորդ էջին գրված է. «Սիրելի Արուս։ Խնդրում եմ այս պոեմս քանի դեռ չի հրատարակված, ոչ ոքի թույլ չտալ արտագրելու։ Իսկ տպագրելու իրավունքը պատկանում է միայն քեզ։ 1936.VI.22. Երեւան»։ Չարենցն իր «Էպիկական լուսաբաց» պոեմը նույնպես նվիրում է Ա. Ոսկանյանին։ Անտիպ երկերում Ե. Չարենցը պատկերավոր նկարագրում է նաեւ դերասանուհու մարմնավորած կերպարները Շիլլերի, Շեքսպիրի գործերում։ Այս եւ մի շարք այլ փաստարկներ վկայում են, թե ինչքան մեծ դեր է ունեցել երիտասարդ դերասանուհին Ե. Չարենց պոետի կյանքում՝ դառնալով նրա մուսան, ոգեշնչելով նրան։ «Արուս Ոսկանյանը ոչ միայն մեր… բեմի, այլեւ մեր ողջ էպոխայի հիասքանչ դերասանուհին է»,–գրել է Եղիշե Չարենցը եւ չի սխալվել։
Հասմիկ Գևորգյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
Հետևեք մեզ նաև Telegram-ում