Պատգամավորները միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին

Պատգամավորները միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, Tert.amԱԺ նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև:

ԱԺ փոխնախագահը հանդես եկավ ելույթով, որտեղ կոչ արեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին իր մասին ավելի քիչ խոսի, քանի որ ինքը, միևնույն է, չի պատասխանելու իրեն: «Ես պատասխանելու եմ Էդմոնին, որը մեկ Ձեզ է խնդրում իր փոխարեն ելույթ ունենաք, մեկ Գորգիսյանին, որովհետև ինքը չի իջնում մեր մակարդակին, ելույթ չի ունենում: Դրա համար ես պատասխանելու եմ իրեն, ասելու եմ այն ամենը, ինչ մտածում եմ»,– ասաց նա:

Սիմոնյանն նշեց, որ երբ խոսում են թիմի մասին, ինքը հիշում է 2018 թվականի ապրիլի 16-ը. «Երբ ես և այստեղ գտնվող իմ ընկերներից շատերը մահից պրծանք: Ես Ձեզ գրում էի «Ելք» խմբակցության խմբի մեջ, խնդրում՝ դուրս գաք փողոց, իմ համար չէ, դուրս գաք երևանցիների համար, ու ձենզից ոչ մեկը դուրս չեկավ, իսկ այդ ժամանակ Էդմոն Մարուքյանն այստեղ ընդդիմության տեսիլք ստեղծելու համար, որ Սերժ Սարգսյանը հանգիստ ընտրվի, առնվազն 15 անգամ ասում էր՝ պարոն Սարգսյան: Դրա մասին կխոսենք հետո, ես կպատմամ շատ բաներ»,– հայտարարեց Սիմոնյանը:

Նրա ելույթի ժամանակ տեղից մեկնաբանություններ էր անում Էդմոն Մարուքյանը: «Դու-ն դու ես, Դուք-ով կխոսես սրանից հետո»,- Մարուքյանին արձագանքեց Սիմոնյանը:

Պատգամավորները սկսեցին միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնել, ինչին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Չի կարելի հարգելի գործընկերներ, սա Ազգային ժողով է, խորհրդարանում բոլորդ պահպանե՛ք քննարկման նորմալ կանոնները: Երկուստեք շատ վատ բաներ հնչեցրեցիք և առաջինը, պարոն Մարուքյան, Դուք էիք: Պետք է պահել մակարդակը, սա խորհրդարան է և պատգամավորի ինստիտուտի նկատմամբ հարգանքն անկախ ֆրակցիայից և քաղաքական ուժից նաև այս քննարկումներից է ձևավորվում կամ չի ձևավորվում»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում