Եղիշե Չարենց․ Ոսկին

Նմանատիպ
Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ – արևի ոսկին:
– Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:
Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:
Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,-
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:
Խաչը վանքի, ե՛րգը զանգի – կապույտում վերջին.
– Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին…
Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա – մի երազ, ոսկի միրաժ արթնացած խոսքի:
Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն…
Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:
Քույր, վայրկյանը սրբազան է – բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:
Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
– Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ,- ու նայի՛ր խաչին…