ԱՆ. Լրատվամիջոցների համար Պետռեգիստրի տվյալներն այսօրվանից հասանելի են անվճար

ԱՆ. Լրատվամիջոցների համար Պետռեգիստրի տվյալներն այսօրվանից հասանելի են անվճար

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Times.am: Լրատվական գործունեություն իրականացնողների համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկություններն այսուհետ հասանելի կլինեն անվճար հիմունքով: Նշենք, որ նախկինում յուրաքանչյուր իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար ԶԼՄ-ները վճարում էին պետական տուրք:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ այսօրվանից ուժի մեջ է մտել նախօրեին հրապարակված ՀՀ արդարադատության նախարարի «Լրատվական գործունեություն իրականացնողների՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտերի ձևերը հաստատելու մասին» հրամանը:

Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այսօրվանից կարող են լրացված հայտերը՝ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության այս պահին գործող տարածքային սպասարկման գրասենյակներ:

Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարված լինելը և Հանրապետության տարածքում տեղաշարժման իրավունքի առկա սահմանափակումները՝ ԱՆ-ից տեղեկացնում են, որ մինչև արտակարգ դրության ավարտը նշված հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ հայտը և կից փաստաթղթերն ուղարկելով info@e-register.am էլեկտրոնային փոստի հասցեին: Հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն հայտը մուտքագրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար նման հնարավորության նախատեսումը կամրապնդի հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստի նրանց կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն:

Ըստ աղբյուրի, այդ բարեփոխումը բխում է Կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, իսկ դրան ուղղված օրենսդրական փաթեթն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի մատի 6-ին և ուժի մեջ մտել ապրիլի 11-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում