«Անմա՞հ է այն գործը, որի համար ես մեռա…»
Նմանատիպ
ՊԱՏՃԱՌՆԵՐ
«Քայքայուած ու հիւանդ կը վերադառնար»…
Բ. Քեչյանը գրում է. «Զինքը մօտէն ճանչցողներս իր ջղագարութիւնը կը վերագրենք երեք պատճառի. Ա. խորունկ ցնցումը զոր ան կրեց, Բ. պատերազմին բերմամբ իր նիւթական անձուկ վիճակին հիմնովին քայքայումը և Գ. իր խստակրօն ժուժկալութեան ջղային հետևանքները»:
Սա երկար ժամանակ իշխող, բայց և մակերեսային կարծիք էր, որ վերաբերում էր լոկ ազդակներին, բայց պատճառների պատասխան չէր պարունակում: «Խորունկ ցնցումի» բուն պատճառը ո՞րն էր: Կամ, «խստակրոն ժուժկալությամբ» ապրում էին նաև հազարավոր այլ հոգևորականներ, ինչու՞ զանգվածային հոգեկան խանգարում չստացան: Այո, վերադարձից հետո Կոմիտասը հայտնվեց «նյութական անձուկ» վիճակում, այլևս հնարավորություն չուներ համերգներ տալու, որը նրա ֆինանսանյութական ապահովության հիմնական աղբյուրն էր: Հասարակ մի բան. սիրում էր թեյ խմել, բայց շաքար չկար և օգտվում էր ծովի ջրից հանած, աղակալած քիշմիշի չամչից, որ իրեն նվիրել էին: Թուրքիան պատերազմում էր, և նյութական անձկությունը համատարած էր:
Տ. Չիթունին ավելի պատկերավոր է ներկայացնում. «Երբ 1915-ին վերադարձաւ, նման էր ստուերի, շէն Կոմիտասը չկար այլևս:
Սիրտը նման էր էն փլած տըներ,
Կոտրե՜ր էր գերաններ, խախտե՜ր էր սըներ…»:
Ապա ավելացնում է. «Աքսորի ճամբայէն իր Բանին դագաղը հետն էր բերեր…»:
«Բանին դագաղը». պատճառը այստե՛ղ էր, բայց միակը չէր:
Կոմիտասն ինքը մի անգամ ասել է. «Այն ժողովուրդը, որ այդ պատկերը փռեց իմ տեսած ճամբուն վրայ, չի մահանար:
Աքսորի ճամբուն վրայ, օր մը, արշալոյսին, հազարաւոր հայերու հալածավար կարաւան մը՝ կնիկ, տղայ, մեծ ու փոքր, բլուրի մը գլուխ գիշերած, առտուան նորածագ աղօթարանին շողերուն առաջ, յանկարծ մէկ մարդու պէս ծունկի եկան, գլուխ բաց, ձեռները երկինք տարածած, արտասուալից աչքերով, մեծ բնութեան բաց տաճարին տակ միաձայն դղրդացուցին շարականը.
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար.
Առ իս լոյս ծագեա»:
Որտե՞ղ էր տեսել այս պատկերը: Միգուցե հետդարձի՞ ճամփին:
Հիմա այս տեսարանը և իր Բանը համադրենք:
Նա արվեստի երգչախմբեր էր ստեղծել, բայց տեսավ բնական, արվեստազուրկ ողբի երգչախումբ, որտեղ կար միայն մոտալուտ մահվան սպասում:
Նա Պոլիս էր տեղափոխվել՝ նպատակ ունենալով կոնսերվատորիա հիմնել և հայ երգի ուսումնասիրումն ու հանրահռչակումը գիտական հիմքերի վրա դնել, բայց աքսորի ճանապարհին հասկացավ, որ երազանքն այլևս չի իրականանա:
Անավարտ թողեց խազերի գյուտի վերջնական հայտնաբերումը, «Անուշ» օպերան:
Նրա նրբահյուս հոգին ծվեն-ծվեն եղավ:
Նրա աշխարհը փլուզվեց:
Նրա իդեալները կործանվեցին:
Կոմիտասն աքսորի ամբողջ ճանապարհին լսեց տղամարդկանց լացուկոծ, որոնք վայում էին Պոլսում թողած իրենց ընտանիքներն այլևս չտեսնելու մտքից: Չանկրիում ստանում էին նամակներ, հեռագրեր, նույնիսկ լրագրեր, ու, թեպետ խիստ գրաքննությանը, բոլորը, այդ թվում և՝ Կոմիտասը, հասկանում էին, թե ինչ է կատարվում ազգի հետ և ինչ է սպասում իրենց: Երբեմն Այաշից Չանկրի էին տեղափոխում տարագրյալների, որոնք իրենց հետ բերում էին սարսափելի պատմություններ: Նա Չանկրիից Պոլիս վերադարձավ նույն ճանապարհով, նույն կերպ, և Էսկիշեհիրի կայարանում հայ երկաթուղայիններից լսեց Բրուսայի, Զեյթունի հայերի խոշտանգումների ու տեղահանությունների մասին: Այսքանից հետո, ինչպես կասեր Պարույր Սևակը, «Դե ե՜կ, Վարդապետ, ու մի՛ խենթանա»:
Մարդկությունն իր պատմության ընթացքում բազմաթիվ հանճարներ է ծնել` գրողներ, բանաստեղծներ, արվեստագետներ, գիտնականներ, զորավարներ և այլք, որոնք հոգեկան խանգարում են ստացել հասարակական, քաղաքական, տնտեսական, ստեղծագործական, անձնական դրդապատճառներով: Բայց Կոմիտասը միակն էր, ով հիվանդացավ իր ժողովրդի բնաջնջումը տեսնելով:
Սա՛ էր նրա ողբերգության իսկական պատճառը:
Նրա և մեր…
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Կոմիտասը տուն դարձավ հոգեբանորեն ջախջախված, աշխարհի անիրավությունից խռոված ու հիասթափված:
Հուլիսի 14-ին նրան հրավիրեցին իր ընկերներից մեկի… հարսանիքին: Հարսի հայրը բացել էր քսակը և ճոխ սեղան գցել: (Այո, դա էլ մենք: Ազգը ջարդվում էր, բայց հարսանիք էին անում): Ամբողջ պսակադրության ընթացքում Կոմիտասը լուռ էր ու մտասույզ: Աստվա՜ծ գիտե ինչի մասին էր խորհում, արդյո՞ք Չանկրիում և Այաշում թողած իր ընկերների, որոնց այլևս չէր տեսնելու: Հարսանիքի հյուրասրահում դաշնամուր կար. նա մոտեցավ և առանձնակի հուզականությամբ երգեց «Կռունկը», «Մոկաց Միրզեն», «Հորովելը»: Դա սոսկ երգեցողություն, կատարում չէր, դա ռեքվիեմ էր, հրաժեշտ ազգին: Դա նրա վերջին հրապարակային ելույթն էր:
Մի քանի շաբաթ անց նրան փոխանցեցին, որ կոնսերվատորիայի հիմնման համար հավաքված գումարը սպառվելու վրա է, և հարկ է տնտեսելով ապրել:
Բանկալթիի իր երբեմնի տաք օջախում, մարդկանց հետ անհաղորդ՝ սկսեց ծոմ պահել, հսկում կատարել և Աստվածաշունչ կարդալ:
Ես այստեղ մեկ անգամ հրաժարվել եմ շարադրելուց հայերի դաժան սպանությունների ու խոշտանգումների մանրամասները, հիմա էլ հրաժարվում եմ Կոմիտասի հիվանդության ախտանշանների մասին պատմելուց: Իմաստ չեմ տեսնում:
1916-ի սկզբին Վ. Թորգոմյանն ու հույն հոգեբույժ Կոնոսը ձեռնամուխ եղան Կոմիտասի բուժմանը՝ զանազան դեղամիջոցներ էին տալիս ու գիշերները հերթապահում:
Գարնան վերջին վիճակը բավականին կարգավորվեց, և Կոմիտասին հրավիրեցին Գուրուչեշմեի Երևման Սբ Խաչ եկեղեցում Դռնբացեքի արարողություն կատարելու: Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց երբ արտասանեց «Ողբալով կարդամ առ քեզ» բառերը, հանկարծ փղձկաց ու կիսատ թողնելով արարողությունը՝ լաց լինելով հեռացավ: Այլևս երբեք վարդապետը եկեղեցի չմտավ, բայց եկեղեցին նրան ընդունեց մեկ այլ ժամանակ՝ ողբալի առիթով…
Կոմիտասի պահապան-հրեշտակը՝ ունևոր վաճառական, պոլսահայ համայնքի ազդեցիկ դեմքեր, բարերարներ Մաթուս և Աբիկ ՈՒնճյաննների ազգական Աստվածատուր Հարենցը, նրան տարավ Իշխանաց կղզիներում գտնվող իր ամառանոց: Երեք ամսվա ընթացքում Կոմիտասը զգալիորեն կազդուրվեց՝ լավ սնվում էր, զբոսնում և… աշխատում: Մշակեց հայկական պարեղանակները և հատկապես «Մշո պարը»՝ ծավալուն մի ստեղծագործություն, որն, ավաղ, չհասցրեց մաքրագրել:
Բանկալթի վերադառնալուց հետո նրան նոր հարված հասցվեց:
Հիշու՞մ եք, կոնսերվատորիա հիմնելու հանձնաժողովի անդամներից էր Էդուարդ Կարագյոզյանը: Այս մարդը մեծահարուստ վաճառական էր, ՀԲԸՄ Պոլսի մասնաճյուղի ատենապետ, ում պատկանում էր նաև Կոմիտասի վարձակալած տունը: Տեսնելով, որ վարդապետն այլևս ի վիճակի չէ վարձը վճարելու, նա պահանջեց տունն ազատել:
Կարագյոզյան ընտանիքից Միհրանը հետագայում Շիշլիում որբանոց բացեց, ուր պատսպարվեց 120 որբ, իսկ նրա եղբայր Արշակը 1942 թ. ԱՄՆ-ում դարձավ ՀԲԸՄ վարչության նախագահ և անուրանալի ներդրում ունեցավ ազգապահպանության գործում: Բայց ես չգիտեմ՝ Կարագյոզյան գերդաստանը ջնջե՞ց, արդյոք, ամոթի խարանը:
Խարան, որովհետև Կոմիտասն ստիպված վաճառեց գորգերը, վերադարձրեց դաշնամուրը, որը հավանաբար վարձակալել էր, գրավ դրեց ոսկե ժամացույցը ու տնտեսելով ապրելու համար 40 օր պաս պահեց:
Հիվանդությունը գլուխ էր բարձրացրել և գործում էր իր ավերը: Վ. Թորգոմյանն ու Կոնոսը՝ այլ ելք չտեսնելով, որոշեցին Կոմիտասին փոխադրել հիվանդանոց:
1916 թ. հոկտեմբերի վերջն էր կամ նոյեմբերի սկիզբը: Կոմիտասի հայրենակից Կ. ՈՒշագլյանը գրում է. «Նոյն օրը կէսօրէ վերջ երբ կ՛երթայի բժ. Թորգոմեանին մօտ տեղեկութիւն տալու գիշերուան մասին, Բանկալթիէն անցած ատեն ուզեցի հանդիպիլ վարդապետին տունը՝ տեսնելու սպասաւորը որ զիս կանխելով բացաւ դուռը.
-Գիտե՞ս, այսօր վարդապետը տարին,- ըսաւ:
-ՈՒ՞ր տարին, ո՞վ տարաւ,- հարցուցի մտահոգ:
-Գոմիսարը,-ոստիկան ըսել կ՛ուզէր,- եկաւ կառքով մը և ըսաւ. «Վարդապետ էֆէնտի, նազըր պէյը (նախարար) ձեզի կ՛ուզէ, հարցնելիք բան ունի երգի մասին, պիտի գնանք»: Վարդապետը հագուեցաւ և ըսաւ.«Կետէլիմ էֆէնտի» (երթանք պարոն): Ես ալ նստեցայ իրենց մօտ և կառքը Շիշլիի կողմը գնալ սկսաւ: Այն ատեն վարդապետը ըսաւ գոմիսարին. «Էֆէնտի, պէնի ալտաթտընըզ, նազըր պէյ թարաֆտա տէյիլ» (էֆէնտի զիս խաբեցիք, նախարարին շէնքը այս կողմ չէր: Եւ մենք գացինք Շիշլիի հիւանդանոցը, վարդապետը հոն ձգեցինք»:
Պատերազմն սկսվելուն պես թուրքերը բռնագրավել էին «Օպիտալ դը լա Պե» (Hopital de la Paix) ֆրանսիական հիվանդանոցը, որպես թշնամական երկրի գույք, ու գլխավոր բժիշկ նշանակել եվրոպական կրթություն ստացած հոգեբույժ Մազհար Օսմանին:
Երեք բժիշկներ՝ Թորգոմյանը, Կոնոսը և Օսմանը ախտորոշեցին delire chronique՝ քրոնիկական ցնորաբանություն, paranoia՝ խելացնորություն:
Պաշտոնական տվյալներով, այսօր աշխարհում 450 մլն մարդ տառապում է հոգեկան խանգարումներով:
Բայց ի՞նչ ասել է՝ հոգեկան խանգարում:
Գլխուղեղը մարդու ամենաբարդ, ամենաառեղծվածային, ամենաչուսումնասիրված օրգանն է, որի խաթարումն արտահայտվում է բազմաթիվ տարատեսակներով:
Երաժշտաշխարհի ներկայացուցիչներից ոմանք տառապել են հոգեկան հիվանդությամբ կամ ունեցել հոգեկան շեղումներ: Բայց մի՞թե այդ մարդիկ և նրանց ստեղծածը դադարում են մշակութային արժեք լինելուց:
Կոմիտասին, անկասկած, հարկ է դասել երաժշտարվեստի դասականների շարքում, բայց տարբերությունն ակնբախ է՝ ոչ մեկի ժողովրդին իրենց աչքի առաջ զանգվածաբար չէր ոչնչացնում բնազդարձակ թուրքը: Եվ տարբեր էին անգամ հիվանդության դրսևորումները:
1918 թ. դեկտեմբերին, երբ արդեն պարզ էր, որ Օսմանյան կայսրությունը փլուզվել է և Թուրքիան պարտվել, Տ. Չիթունին այցելեց հիվանդանոց: Կոմիտասը նրան ասաց. «Ես իմ ժողովուրդիս մէջ կ՛ուզէմ ըլլալ: Իմ բանալինե՜րս կ՛ուզեմ, իմ տու՜նս ու գոյքե՜րս կ՛ուզէմ:
Ինծի ոչ հիւանդանոցը պէտք է, ոչ այստեղի կեանքը: Ես իմ տունս կ՛ուզեմ, իմ բնակարանս, իմ գրասեղանս ու գոյքերս կ՛ուզեմ: Ինչու՞ համար գորգերը քաշեցին տարան իմ տունէս, ո՞վ արտօնեց իրենց: ՈՒ՞ր են Փանոսի նկարները: Ես իմ բանալիներս կ՛ուզեմ: Իմ ժողովուրդէս զիս ինչու՞ զրկեցին: ՈՒ՞ր է դաշնակս, ու՞ր է իմ խոհարար Վարպետս, ու՞ր ցրուեցան իմ աշակերտները…»:
Ստացած ամբողջ ծանր տպավորությունը և այս խոսքերը պատճառ դարձան, որ Տ. Չիթունին «Արիամարտ» թերթում կոչ անի՝ փրկե՛նք Կոմիտաս վարդապետը:
Տ. Չիթունու հետ էր գրող, լրագրող, մշակութային գործիչ Ենովք Արմենը, որը միացավ նույն կոչին ու ներկայացրեց Կոմիտասի վիճակը. «Հոն, բաց պատուհանին առջև, սև ճգնաւորական վերակուին մէջ ամբողջովին պլլուած, գլուխն իսկ ներս քաշած՝ կծկուած, պզտիկ սև զանգուածի մը վերածուած, չոր բազմոցին վրայ փռուեր է մեծ արուեստագէտը, սև կէտ մը – սև սքեմին նոր տարաբաղդ զոհ:
…Վշտահար է, դառնացած, քէնոտ, ցասմնական՝ Ազգին դէմ, Մարդկութեան դէմ, անհատներու դէմ՝ որոնցմէ հալածուիլ կը կարծէ: Անտարբեր է արտաքին աշխարհին: Ներամփոփուած, կղզիացած, բևեռուած իր Ես-ին մէջ, կը մխայ դառնութիւնը զինքը հարուածող դէպքերուն՝ որոնց առանցքը անիրաւուած զգալը կը թուի:
…Հոգին՝ որ յուզումի ու շարժումի բոցավառ հնոց մըն էր՝ հիմա միայն կը պլպլայ»:
Տ. Չիթունու ու Ե. Արմենի հետ էր նաև «Շանթ» պարբերականի խմբագրապետ Մերուժան Պարսամյանը, որը 1919 թ. հունվարի 4-ին գրեց. «Կը հասկնամ թէ երգելն ալ դադրեցուցած է վերջերս. նոպաներ կ՛ունենայ, որոնց միջոցին հիւանդապահն իսկ կ՛զգուշանայ իրեն մօտենալու. կերակուրներուն չի հաւնիր. կը պտըտի շարունակ սենեակին մէջ. մեռելական արարողութիւն կը կատարէ. ստուգաբանական խնդիրներով կ՛զբաղի ու կը ջղայնանայ, երբ իրեն կ՛այցելեն, ո՛վ որ ալ ըլլայ»:
Կոմիտասի տարօրինակություններն ունեին իրենց դրսևորումները՝ վռնդում էր այցի եկած բոլոր բժիշկներին և անգամ նրանց հետ այս կամ այն կերպ առնչվողներին, չէր խոսում բարեկամների հետ, բայց անտրտունջ ընդունում էր կուտինացիներին և միանգամայն անծանոթ մարդկանց:
Այլևս ակնհայտ էր, որ Շիշլիի հիվանդանոցում բուժումն արդյունք չէր տալիս, բացի այդ՝ սննդի և պահման պայմաններն անբավարար էին:
Պետք էր փրկել Կոմիտասին, հարկ էր նրան տեղափոխել Եվրոպա և հանձնել բարձրակարգ բժիշկների խնամքին:
1919 թ. մարտին Վ. Թորգոմյանը այսպիսի մի նամակ հղեց Ա. Չոպանյանին. «Վաղը կամ միւս օրը մեր Կոմիտաս վարդապետը ճամբայ կը հանենք դէպի այդտեղ. հետը երկու ընկեր ունի. հոդ հասնելուն՝ հարկաւ պէտք եղածը պիտի ընէք շուտով՝ զինքը Բարիզէն դուրս Maison de Sante-ի մը մէջ դնելու. պէտք եղած ծախքերը ապահովւած է հոս. 1500 ոսկի դրամ կայ, այս տարուան համար կը բաւէ, մնացեալի մասին ալ կը խորհւի: Երկու տարի է՝ որ ինքը այս վիճակին մէջ է. ամենքս՝ ըստ իրեն, թշնամի ենք, մանաւանդ ես, և ինձ հետ բոլոր բժիշկները կամ բժիշկ անուն կրողները. վիճակը դէպի լաւն է թէև, բայց դեռ շատ պէտք ունի խնամքի, ինչ որ այստեղ կարելի չէ: Զինքը ցարդ դարմանել տւինք Շիշլիի Hopital de la Paix-ի մէջ, բայց ջղագարի մը համար ինչ որ պէտք է չկայ հոն. պէտք է զբաղիլ հետը, աշխատիլ գաղափարները յեղաշրջել, պարտէզ հանել, պտոյտներ ընել տալ և այլն. հիւանդանոցին մէջ յոյն բժիշկ մը կար, շա՜տ լաւ, իրեն հետ կը զբաղէր միշտ, բայց հինգ ամիս առաջ typhus հիւանդութենէն բռնւեցաւ խեղճը, յետոյ ջղագարեցաւ և ցայժմ կը մնայ այդ վիճակին մէջ:
Պիտի խնդրեմ որ վարդապետը տոքթ. Քօլօլին հետ ցոյց տրւի Professeur Gilbert-Ballet-ին և ասոնց յարմար դատած հիւանդանոցին մէջ խնամւի: Չորս օր առաջ խորհրդակցութիւն մը ըրինք Hopital de la Paix-ի բժշկապետին, յոյներու և հայոց հիւանդանոցին յիմարաբոյժներուն հետ և տեղեկագիր մը ստորագրած եմ, կ՛աղաչեմ որ տոքթ. Քօլօլեանը հոգեւին զբաղի վարդապետով, ինչպէս զբաղեցայ ես»:
(շարունակելի)
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում