Ryanair-ը մտադիր է հուլիսից գերմատչելի չվերթներով վերսկսել աշխատանքը. լրատվամիջոցներ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Ryanair բյուջետային ավիաընկերությունը, որը ներկայում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով դադարեցրել է իր օդանավերի 99 տոկոսի աշխատանքը, պատրաստվում է հուլիսին վերադառնալ:
Այս մասին հայտնում է thesun.co.uk-ը՝ մանրամասնելով, որ միևնույն ժամանակ ընկերությունը պատրաստվում է երեք հազար աշխատատեղ կրճատել:
Ավիաընկերությունն ակնկալում է, որ մինչև հունիս ուղևորությունների սահմանափակման ֆոնին կաշխատի իր սովորական գրաֆիկի ծավալի ընդամենը մեկ տոկոսով, մինչդեռ հուլիսից արդեն աշխատանքը կվերսկսի առավել «ողջամիտ» գրաֆիկով:
Ընկերությունից հայտնել են նաև, որ վերադարձից հետո տոմսերի գինն էականորեն զեղչվելու է:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուղևորները ստիպված կլինեն պարտադիր դիմակ կրել, չափել ջերմությունը: Չի բացառվում, որ սոցիալական հեռավորության պահպանման նպատակով ոլորտի կարգավորիչներն ավիաընկերությունից պահանջեն, որպեսզի յուրաքանչյուր նստաշարքի մեջտեղի նստատեղն ազատ լինի: Սակայն Ryanair-ից հայտնել են, որ եթե նման պահանջ դրվի, ապա իրենք չեն վերսկսի չվերթների իրականացումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում