Ծես և ծիսական գրքեր

Ծես և ծիսական գրքեր

Ծես բառը վրացական ծագում ունի և, ըստ Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանի, նշանակում է կարգ, կանոն, սովորություն, եկեղեցական ծես, եկեղեցական արարողությունները կատարելու սահմանված կարգը: Ծես բառին համազոր է արարողություն բառը:

Ծիսագիտությունը եկեղեցական արարողություններ կատարելու համար սահմանված կանոնի գիտությունն է, օրինակ, ցույց է տալիս, թե ինչ է երախա (այսինքն` չմկրտված անձ) մկրտելու կանոնը և ինչպես պետք է կատարել:

Ծիսական մատյաններն ինն են`

1. Ավետարան,

2. Ժամագիրք,

3. Խորհրդատետր կամ Պատարագամատույց,

4. Շարակնոց,

5. Ճաշոց,

6. Հայսմավուրք,

7. Գանձարան,

8. Տոնացույց,

9. Մաշտոց:

1. Չորս Ավետարանները ծիսական գրքեր չեն, բայց ընթերցվածների դասավորումով ծիսականանցված են:

2. Ժամագիրքը հիմնականում ներկայացնում է ժամերգությունների աղոթքները, քարոզները, երգերը:

3. Խորհրդատետրը կամ Պատարագամատույցը ներկայացնում է Պատարագիչ հոգևորականի բարձրաձայն և ծածուկ ասվող աղոթքները, սարկավագների քարոզները, դպրաց դասի երգեցիկ պատասխանները:

4. Շարակնոցը շարականների` եկեղեցական տոների, արարողությունների առիթներով երգվող երգերի ժողովածուն է: Ենթադրվում է, որ շարական բառը շարք կամ շարան բառից է՝ երգերի շարան, երգաշար իմաստով:

5. Ճաշոց գիրքը պարունակում է ամենօրյա սուրբգրական ընթերցվածքները` ըստ սահմանված հերթականության: Ճաշոցը տերունի (Տիրոջը նվիրված) տոների տարեկան տոնակարգի սահմանումն է` համապատասխան ընթերցվածներով, ներառում է նաև հատվածներ եկեղեցական հայրերի մատենագրական ժառանգությունից:

6. Հայսմավուրքում բովանդակված են սրբերի վարքերը: Անվանումը գալիս է ամեն վարքից առաջ սկսվող բառերից, օրինակ` հայսմ ավուր (այսինքն` այս օրը) տոնն է այսինչ սրբի: Նախկինում Հայսմավուրքից ընթերցվում էր օրվա սրբի վարքը ժամերգությունից առաջ: Հիմա Հայսմավուրքից սրբերի վարքեր կարդացվում են Երուսաղեմում երեկոյան ժամերգությունից առաջ:

7. Գանձարանը բովանդակում է եկեղեցական հատուկ երգեր, որոնք կոչվում են գանձեր և նվիրված են եկեղեցական հանդիսավոր տոներին: Գանձը հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի ժանր է, անվանումը գալիս է Սուրբ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից, որոնց տների սկզբնատառերը կազմում են գանձ բառը:

8. Տոնացույցը ցույց է տալիս եկեղեցական տոների կարգը, հերթականությունը:

9. Մաշտոցները լինում են երեք տեսակի` Փոքր Մաշտոց, Մայր Մաշտոց և Հայր Մաշտոց: Մշտոց անվանումն այս ժողովածուն կարգավորած և խմբագրած Մաշտոց Եղիվարդեցի Կաթողիկոսի (897 – 898) անունով է: Փոքր Մաշտոցը պարունակում է քահանայի կողմից կատարվող արարողությունների կարգը, Մայր Մաշտոցը պարունակում է Փոքր Մաշտոցի արարողությունները, ինչպես նաև եպիսկոպոսներին վերապահված ձեռնադրություն կամ տվչություն, օծում, պղծյալ եկեղեցիներ սրբելու, պատկերներ օրհնելու և օծելու, քահանայաթաղի կանոններ: Հայր Մաշտոցը պարունակում է կաթողիկոսներին վերապահված կանոններ` ձեռնադրության և օծման (եպիսկոպոսի), մյուռոնօրհնության, թագավորի օծման:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում