ՀՀ 35 ֆեդերացիա կվերսկսի մարզումները․ Ներկայացվել են Պարետատան ու ԱՆ ցուցումները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Times.am: Պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 մարզական ֆեդերացիաներին թույլատրվում է մայիսի 4-ից վերսկսել մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ և պատանի) հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները՝ պահպանելով պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումները։ Այս մասին պաշտոնական կայքում հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով, մասնավորապես, սպորտային օբյեկտի ղեկավարության կողմից նշանակվելու է պատասխանատու, որը հսկողություն է սահմանելու ախտահանումների, աշխատողների ու այցելուների առողջական վիճակի գրանցման վրա։ Սպորտային օբյեկտի տարբեր տարածքներում պետք է լինեն ախտահանիչներ, անձեռոցիկներ, աղբարկղեր։ Ամեն օր սահմանված ժամի պետք է ախտահանվեն հաճախակի հպման մակերեսները։Մարզիկների ջրի շշերն ու սրբիչները պետք է լինեն անհատական։ Մարզումների ժամանակ մարզիկների կուտակումներ չպետք է լինեն։ Կարգելվի կողմնակի անձանց մուտքը սպորտային օբյեկտ, իսկ մարզումներից հետո մարզիկները խմբերով չեն կարողանա հավաքվել։
Հիշեցնենք, որ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ են կատարվել։ Մայիսի 4-ից մասնակի գործունեություն է թույլատրվում նաև սպորտային բնագավառում, մասնավորապես՝
սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար,
սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով։