Այսօր մեկնարկում է շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային մրցաշարը. Արոնյանը՝ Եվրոպայի թիմում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Այսօր՝ մայիսի 5-ին մեկնարկում է շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային մրցաշարը։ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը
Հայաստանի ընտրանին այս ստուգատեսին չի մասնակցի:
Նախնական փուլում մրցակիցները կխաղան շրջանաձև մրցակարգով, որից հետո երկու լավագույն թիմերը լրացուցիչ մրցամարտում կորոշեն հաղթողին։ Մրցումները կավարտվեն մայիսի 10-ին։
Եվրոպայի հավաքականում ընդգրկված է Լևոն Արոնյանը։ Բացի Արոնյանից, Եվրոպայի թիմում կխաղան նաև ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին և ուկրաինուհի Աննա Մուզիչուկը: Պահեստային խաղացողները կլինեն լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան և Նանա Ձագնիձեն Վրաստանից: Թիմի ավագը կլինի աշխարհի 13-ակի չեմպիոն Գարի Կասպարովը:
Մրցաշարում հանդես կգան գրեթե բոլոր առաջատարները, բացի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից։ Հիշեցնենք, որ Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի եզրափակչում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, և 4 պարտիայում առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։
Սա ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված առաջին օնլայն մրցաշարն է կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակահատվածում։ ՖԻԴԵ-ին մրցաշարի կազմակերպման գործում օգնել է շախմատային օնլայն խոշորագույն պլատֆորմ հանդիսացող Chess.com կայքը։ Միջինը այդ կայքում օրական 9 միլիոն պարտիա են խաղում։
ՖԻԴԵ-ն վստահեցրել է, որ կապահովի արդար խաղի կանոնները։ Խաղերի ընթացում շախմատիստները տեսակապով հասանելի են լինելու, իսկ նրանց խաղը հսկելու է մրցավարական անձնակազմը։
Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով, ինչի արդյունքում երկու լավագույն հավաքականները մայիսի 10-ին կմասնակցեն սուպերեզրափակչին: Բոլոր պարտիաները կխաղարկվեն ամենասեղմ ժամանակում (25 րոպե՝ ընթացքում ավելացված 10 վայրկյան):
Հետևեք մեզ նաև Telegram-ում