Եթե կորոնավիրուսի տարածման վերջին օրերի միտումը պահպանվի, հունիսի 8-ին կունենանք 12 700 դեպք. նախարար

Եթե կորոնավիրուսի տարածման վերջին օրերի միտումը պահպանվի, հունիսի 8-ին կունենանք 12 700 դեպք. նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.amԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ եթե կորոնավիրուսի դեպքերի 15-օրյա կրկնապատկման արագությունը պահպանվի, մայիսի 24-ին կունենանք 6350 դեպք, հունիսի 8-ին՝ 12 700:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք:

Իհարկե կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն):

Այս ամենը շեշտում եմ, որպեսզի վերհիշենք մեր անփոփոխ օրակարգը` պահպանել բոլոր սահմանված կանոնները և դանդաղեցնել վիրուսի տարածումը:

Նոր վարքագիծ որդեգրելու այլընտրանքը վերոշարադրյալ կամ ավելի վատ սցենարն է: Մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները:

Հ.Գ. վաղը մի քանի ժամով անձամբ լինելու եմ կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկում և ուղիղ եթերով ներկայացնելու եմ վերակենդանացման բաժանմունքում բուժվող պացիենտների հիվանդությունների պատմությունները»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում