Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերսկսել է մարզումները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տևական դադարից հետո վերսկսել է մարզումները։ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում պարապում են նաև խոստումնալից պատանիներն ու երիտասարդները։
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, մեջբերելով հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին, նշում է, որ մարզիկները պահպանում են հիգիենիկ կանոնները, կարանտինի պատճառով շատ են տուժել և հիմա ուրախ են, որ կրկին մարզադահլիճ են վերադարձել։
Գլխավոր մարզիչն ասել է նաև, որ գոհ է մարզիկներից։ Նրանք որոշակի աշխատանք տանը կատարել են և այժմ աստիճանաբար վերագտնում են իրենց ունակություններն ու հնարավորությունները։ Տղաները՝ մարզիչների խորհրդով, դեռս չեն կատարում բարդ տարրեր և վարժություններ։
Մարմնամարզությունը դժվարին, կոորդինացիոն մարզաձև է, և մարզավիճակ ձեռք բերելու համար ժամանակ է հարկավոր։ Պետք է նախ զգալ գործիքները, ապա՝ անցնել կապակցությունների կատարմանը։
Այնուամենայնիվ, թիմում խուճապ չկա։ Ավելին, աստիճանաբար վերականգնվում են մարմնամարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները։ Օրական 3-3,5 ժամանոց պարապմունքներն ընթանում են ծրագրով՝ հեռանկարում նկատի ունենալով նախատեսված մրցաշարերը։
Ամռանը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Թբիլիսիում։ Հաստատվել է Բաթումիի միջազգային մրցաշարը։ Աշնանը նշանակված են Աշխարհի Գավաթի խաղարկության մրցումները։ Այդուհանդերձ շատ բան կապված է իրավիճակի կայունացման հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում