World Athletics-ը հայտնել է՝ երբ կմեկնարկի մրցաշրջանը և աթլետիկայի որ մրցաշարով

World Athletics-ը հայտնել է՝ երբ կմեկնարկի մրցաշրջանը և աթլետիկայի որ մրցաշարով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amԱթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (World Athletics) իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ամառային մրցաշրջանը կսկսվի Տուրկուի մրցաշարում, որը նախատեսված է օգոստոսի 11-ին:

Տասը փուլից բաղկացած Ադամանդե լիգան սկսվում է Մոնակոյում օգոստոսի 14-ին: Այս մրցաշրջանում յուրաքանչյուր փուլ կկազմակերպվի որպես առանձին մարզական միջոցառում, չի լինի մարզիկների կողմից վաստակած միավորների ընդհանուր դասակարգում: Եզրափակիչը, որը նախապես պլանավորված էր սեպտեմբերի 9-11-ը Ցյուրիխում, չեղյալ է հայտարարվել:

Սովորաբար, Ադամանդե լիգայի շրջանակներում, որը աթլետիկայի մրցաշարերի շարք է, մարզիկները յոթ անգամ մրցում են յուրաքանչյուր ծրագրում՝ ընդհանուր միավոր վաստակելով: Եզրափակչում միավորները կրկնապատկվում են: Միավորների հավասարության դեպքում հաղթողը որոշվում է հաղթանակների քանակով:

«Անխուսափելի է, որ միջազգային ճանապարհորդության սահմանափակումները կազդի մարզիկների՝ որոշ մեկնարկների հաճախելու հնարավորության վրա, բայց մենք ակնկալում ենք, որ այս տարի էլիտար մարզիկների մեծամասնությունը կկարողանա մասնակցել շատ մրցումների», – ասել է ասոցիացիայի ղեկավար Սեբաստիան Քոուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան արհեստավարժ մարզիկներին օգնելու նպատակով ստեղծել է միջազգային հիմնադրամ։ Այն կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար: Միջոցները հատկացրել է Մոնակոյի արքայազն Ալբեր երկրորդը, ով կազմակերպության պատվավոր նախագահն է։

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք հայ աթլետները կկարողանա՞ն օգտվել համաշխարհային ֆեդերացիայի կողմից ստեղծված հիմնադրամի ֆինանսական օգնությունից, թե՞ ոչ: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում