ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Երևանի Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը երեկ մահացել են, մեկը՝ 90-ամյա տղամարդը, մահացել է կորոնավիրուսից, մեկը՝ այլ պատճառով: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
«Այս պահին արդեն հոսպիտալացված է 12 հոգի, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն: Հաստատությունում մեկուսացված 3 տարեցները սիմպտոմներ չունեին, նրանց վիճակը լավ է»,– նշեց նա։
Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ Երևանի Նորքի տուն-ինտերնատում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հաստատման 45 դեպք էր հաստատվել, որոնցից 28-ը՝ տուն-ինտերնատի աշխատակիցներ, 17-ը` տարեցները: