Հարավային Ամերիկայի երկրները գագաթնաժողով են գումարում՝ քննարկելու Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպը
Նմանատիպ
Հարավամերիկյան ազգերի միությունը (UNASUR) հայտարարել է արտահերթ գագաթնաժողով գոմարելու մասին, որտեղ կքննարկվի Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:Ինչպես արդեն հաղորդվել Է, Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի իշխանություններն արգելել Էին Բոլիվիայի նախագահի ինքնաթիռի թռիչքն իրենց օդային տարածությամբ, որը հուլիսի 2-ի երեկոյան մեկնել Էր Մոսկվայից: Փարիզի եւ Լիսաբոնի այս որոշումը կապված Էր այն կասկածների հետ, որ ինքնաթիռում կարող Էր գտնվել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Գագաթնաժողովը կկայանա հուլիսի 4-ին Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում: Հարավամերիկյան ազգերի միության ղեկավարությունը հայտնել է, որ համաժողովին իրենց ներկայությունը հավաստել են Բոլիվիայի, Վենեսուելայի, Արգենտինայի, Ուրուգվայի եւ Էկվադորի նախագահները, UNASUR-ի անդամ մնացած յոթ երկրների ներկայացուցչության մակարդակը կհայտարարվի ավելի ուշ:
Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպը վրդովմունքի ալիք է առաջացրել ինչպես Բոլիվիայում, այնպես էլ Հարավային Ամերիկայի այլ երկրներում: Բոլիվիայի օրենսդիր ժողովի անդամներն առաջարկել են երկրից արտաքսել Ֆրանսիայի, Պորտուգալիայի եւ Իտալիայի դիվանագետներին: Արգենտինայի նախագահ Կրիստինա Կիրշները տեղի ունեցածը որակել է «խիստ նվաստացուցիչ», իսկ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Էլիաս Հաուան հայտարարել է, որ դա «մահափորձ էր նախագահ Մորալեսի դեմ»:
Ֆրանսիայի իշխանություններն ստիպված են եղել պարզաբանումներ տալ միջադեպի կապակցությամբ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ինքնաթիռի ուղեւորների վերաբերյալ «տվյալները հակասական էին»: Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ինքնաթիռում է գտնվում Բոլիվիայի նախագահը, թույլատրվել է օդանավի մուտքը Ֆրանսիայի օդային տարածություն, ասել է Օլանդը:
Մինչդեռ ԱՄՆ-ը նոտա է ուղարկել Բոլիվիային Սնոուդենին արտահանձնելու պահանջով այն դեպքում, եթե նա հայտնվի այդ երկրի տարածքում: Բոլիվիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե ԱՄՆ-ի կարծիքով Սնոուդենն, այնուամենայնիվ, եղել Մորալեսի ինքնաթիռում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում