Ռուսական շուկայից ներքին գնով գնված զենքը գնացել է Լիբիա, և դա՝ վարչապետի անմիջական հրամանով. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ռուսաստանի կողմից հայաստանյան իշխանությունների նկատմամբ կա մեծ անվստահություն, Հայաստանն արդեն հուսալի գործընկեր չէ որևէ երկրի համար, և դա երևում է երկկողմ ռազմատեխնիկական գործարքների ոլորտում. առհասարակ, բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա, և երբեք Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակն այսքան ցածր չի եղել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:
«Զենքի վաճառքի միջազգային շուկան ունի իր կանոնները, և Հայաստանի վերջին քայլերը՝ Ռուսաստանից ներքին գներով զենք գնելն ու այն դուրս հանելը, բոլոր պայմանավորվածությունների խախտում է: Դժվար է դրանից հետո նույն գործընկերոջ հետ շարունակել համագործակցությունը: Այս զենքը Հայաստանից Լիբիա է գնացել վարչապետի անմիջական հրամանով և պաշտպանության նախարարի գիտությամբ»,- ասել է քաղաքական գործիչը:
Ըստ Շահնազարյանի՝ իշխանությունը շարունակաբար խոսում է քրեական գործերից, բայց առայսօր որևէ դատավճիռ գոյություն չունի. «Իշխանությունը ձգձգում է բոլոր դատավարությունները, նա հայտնվել է փակուղում: Համավարակի դեմ պայքարում իշխանությունը պետական հանցագործություններ է գործում: Նրանք հիմար չեն, բայց անգրագետ են: Բոլոր ուղղություններով մենք խորագույն ճգնաժամի, աղետի մեջ ենք: Հայաստանը համավարակից ավելի շատ զոհեր կունենա, քան արցախյան պատերազմի և անգամ Սպիտակի երկրաշարժի զոհերն են»:
Քաղաքական գործչի կարծիքով՝ մի քանի ամսից Հայաստանում պարեն չի լինի, և պարենային անվտանգության հարցը դառնալու է խնդրահարույց. «Միայն թշնամին կարող էր բարձրաձայնել, թե որքան են Հայաստանի ռազմավարական պաշարները: Դա անպատասխանատվություն է, թե քաղաքականություն, դժվար է ասել»:
Դավիթ Շահնազարյանի պնդմամբ՝ այսօր ջախջախված են թե՛ մեր արտաքին քաղաքականությունը, թե՛ արցախյան հիմնահարցի շուրջ մեր ավանդական դիրքորոշումը, քանի որ Փաշինյանն այս ընթացքում բազմաթիվ փաստարկներ է տվել Ադրբեջանին՝ արդարացնելու հնարավոր պատերազմը. «Այսօր Հայաստանն ապոկալիպսիսի շեմին է: Այս իշխանությունն ամենամեծ վտանգն է հայ ժողովրդի համար վերջին հարյուր տարում, նման ծանր վիճակում մենք դեռևս չենք գտնվել: Այսօր վարչապետը ՌԴ նախագահի հետ շփվում է միայն արարողակարգային տեքստերով: Մեր բոլոր կենսական գործընկերների, այդ թվում՝ մեր հարևանների հետ հարաբերություններն են պատմական մինիմումի վրա»:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ ապրիլյան պատերազմում մեր հաղթանակն այսօր խարխլվում է: «Իր իշխանության առաջին իսկ օրից Փաշինյանն սկսել է քաղաքական հետապնդումներ արցախյան ազատամարտի հաղթանակը կերտողների նկատմամբ, նրանց կարգել է թշնամի: Ալիևի հետ այս հարցում նա որևէ տարաձայնություն չունի: Սա մտածված քաղաքականություն է, որն իրականացվում է այս իշխանության կողմից»,- ամփոփել է քաղաքական գործիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում