ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են ավելի քան 67 միլիարդ դրամով

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2013-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 19,6 տոկոսով կամ շուրջ 67,1 միլիարդ դրամով: ՀՀ պետբյուջեի եկամուտները 2013-ի հունվար-մայիսին կազմել են շուրջ 408,9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 377,7 միլիարդ դրամ: Պետական բյուջեն կատարվել է շուրջ 31,2 միլիարդ դրամ հավելուրդով: Այդ մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման եւ հաշվետվությունների վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը: «Պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 389,4 միլիարդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 82,7 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զարգարյանը:

Վարչության պետը նշեց, որ ավելացված արժեքի հարկը 2013-ի հունվար-մայիսին կազմել է 158 միլիարդ դրամ, ինչը 23,3 տոկոսով (29,8 մլրդ. դրամ) գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Աճը հիմնականում ապահովվել է ներմուծումից ստացված եկամուտների հաշվին»,- ասաց Զարգարյանը:

Մաքսատուրքեր գծով ՀՀ պետբյուջե մուտքերը կազմել են 19,1 միլիարդ դրամ կամ հարկերի ու տուրքերի 4,9 տոկոսը: Մաքսատուրքերից ստացված մուտքերը 2013-ի առաջին հնգամսյակում 40,9 տոկոսով (5,5 մլրդ. դրամ) գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2013-ի առաջին հինգ ամիսներին եկամտահարկի տեսքով ՀՀ պետբյուջե է մուտքագրվել շուրջ 86,9 միլիարդ դրամ, իսկ պարտադիր սոցապ վճարները կազմել են 12,4 միլիարդ դրամ: Շրջանառության հարկի գծով 2013-ի առաջին հնգամսյակում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 4,1 միլիարդ դրամ, իսկ եկամտահարկի՝ 6,7 միլիարդ դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում