ԵՊՀ ուսանողները կմասնակցեն Քարվաճառի ազատագրման 20-ամյակին նվիրված համերգին

Արցախի պետական համալսարանում, Քարվաճառի մշակույթի տանը և զորամասում հուլիսի 5-7-ը տեղի կունենա Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողով և Քարվաճառի ազատագրման 20-ամյակին նվիրված համերգ: Ինչպես տեղեկացնում են ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժնից, գիտաժողովի օրակարգում ընդգրկվելու են շուրջ 30 զեկուցումներ, լինելու են նաև կլոր-սեղան քննարկումներ, իսկ համերգի ընթացքում հնչելու են ռազմահայրենասիրական երգեր:

Միջոցառումներն անց են կացվում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, ուսանողական գիտական ընկերության, ուսանողական խորհրդի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է հայ երիտասարդության ուշադրությունը վերստին հրավիրել Արցախյան շարժման ակունքների, պատճառների, կարևոր դրվագների և հետևանքների վրա, գիտական աշխատանքներ կատարող ուսանողներին հնարավորություն տալ հրապարակավ ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, խրախուսել գիտությամբ զբաղվող ուսանողներին, նպաստել գիտական կադրերի պատրաստմանը , համախմբել երիտասարդական գիտական ներուժը, զարգացնել ԵՊՀ-ԱրՊՀ միջբուհական համագործակցությունը, բարձրացնել հայ երիտասարդության հայրենասիրական ոգին, կարևորել Քարվաճառի կենսական նշանակությունը հայ ժողովրդի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում