Ադրբեջանը շարունակում է գործել իրեն հատուկ ոճով

ՀՀ Ազգային ժողովում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ ադրբեջանական հերթական պատվերը ձախողվեց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը’ անդրադառնալով Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցին: «Ակնհայտ է, որ դա ադրբեջանական կողմի հերթական պատվերն էր, այդպիսի բովանդակությամբ շատ տեքստերի ենք ծանոթ, արդեն անգիր գիտենք»,-շեշտեց Դավիթ Հարությունյանը: Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ հանդես եկավ մի հայտարարությամբ, որը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Նա հայտարարեց, թե իբր «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը և Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը»։ Մոլդովայի խորհրդարանակն փաստաբանը Հայաստանին անվանեց «ագրեսոր երկիր»։

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր արտահերթ ելույթի ժամանակ կոչ արեց չօգտագործել համաեվրոպական խորհրդաժողովը և Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնը՝ ստահոդ տեղեկություններ տարածելու համար։ «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում»,-շեշտեց Նալբանդյանը’ առաջարկելով, որ ստահոդ ելույթ ունեցողները ձայնագրեն իրենց ելույթները, որպեսզի պատվիրատուները իրենցից շնորհակալություն հայտնեն: «Կարիք չկա գիտական կոնֆերանսն օգտագործել սուտ տ եղեկությունների քննարկման համար։ Այսպիսի հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում այնպիսի լսարանում, որտեղ կան մասնագետներ, ովքեր գիտեն թեման, իսկ հայտարարել, որ այստեղ կամ այնտեղ ցեղասպանություն է եղել, շատ նման է մեր հարևանների կողմից ամեն օր հնչող միօրինակ հայտարարություններին»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահը’ կոռեկտության կոչ անելով Մոլդովայի ներկայացուցչին:

Գրիգորիուն փորձեց արդարանալ’ ասելով, թե իր ելույթով ցանկացել է նշել, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։

Լիտվայի օմբուդսմենն իր հերթին առաջարկեց Մոլդովայի ներկայացուցչին խոսել «Մոլդովայի սառեցված հակամարտության մասին, և ոչ թե անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության պատմությանը»։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում հուլիսի 3-4-ը Ազգային ժողովում անցկացվեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում էին 32 երկրների եւ միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում