Բրազիլիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարարին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդմոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպան Մոնտեյրուին նշանակման կապակցությամբ’ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստան ի ու Բրազիլիայի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ և հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում իր ներդրումը կունենա երկու երկրների համագործակցության խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար’ դեսպան Մոնտեյրուն ասել է, որ Բրազիլիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, և ինքը կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընլդայնմանը, գործարար կապերի խթանմանը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացմանը, մշակութային և կրթական ոլորտներում փոխգործակցության նպատակով քայլերի ձեռնարկմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում