Ավելի քան 25 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն «Սփյուռք» ամառային դպրոցին
Նմանատիպ
ՀՀ սփյուռքի նախարարության 2013 թվականի «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա կլինի նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ամառային դպրոցին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 250 սփյուռքահայ, որոնցից մասնակցության իրավունք է ստացել 210-ը՝ նախատեսված 100-ի փոխարեն: Մասնակիցները ներկայացնում են աշխարհի ավելի քան 25 երկիր:
«Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը կմեկնարկի Հայոց լեզվի արագացված դասընթացով, որը կտևի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 2-ը: Ծրագիրն իրականացվում է 5 ուղղություներով: Դասընթացները կանցկացվեն հայերենով, կդասավանդեն Հանրապետության և Սփյուռքի հայտնի լեզվաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքում կզուգակցվեն տեսական-գործնական պարապմունքները, սովորողները տարբեր միջավայրերում մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորություն կունենան:
Դասընթացների մասնակիցների համար կկազմակերպվեն նաեւ մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում