Արցախը կհյուրընկալի 200 ԵՊՀ-ականների
Նմանատիպ
Արցախի պետական համալսարանում, Քարվաճառի մշակույթի տանը և զորամասում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, ուսանողական գիտական ընկերության, ուսանողական խորհրդի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 5-7-ը տեղի կունենա Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողով և Քարվաճառի ազատագրման 20-ամյակին նվիրված համերգ: Ինչպես հաղորդում են Երևանի պետա կան համալսարանից, գիտաժողովի օրակարգում ընդգրկվելու են շուրջ 30 զեկուցումներ, կլինեն նաև կլոր-սեղան քննարկումներ: Համերգի ընթացքում կհնչեն ռազմահայրենասիրական երգեր:
Շուրջ 200 ԵՊՀ-ականներ կայցելեն Արցախ:
2013 թ-ի փետրվարի 20-ին լրացավ ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի պատմական որոշման 25-րդ տարին: Այդ որոշումը հաճախ ընկալվում է որպես Արցախյան շարժման սկզբի խորհրդանիշ: Արդի պայմաններում մեծ անհրաժեշտություն կա վերարժևորելու Արցախյան շարժման նշանակությունը հայոց պատմության նորագույն շրջանի համար:
Նման պարագայում «անկախության սերունդը» պարտավոր է գիտական մակարդակով վերհանել Արցախյան շարժման յուրաքանչյուր դրվագ’ դարձնելով այն գիտավերլուծական կարևոր թեմա:
Ծրագրի նպատակն է հայ երիտասարդության ուշադրությունը վերստին հրավիրել Արցախյան շարժման ակունքների, պատճառների, կարևոր դրվագների և հետևանքների վրա, գիտական աշխատանքներ կատարող ուսանողներին հնարավորություն տալ հրապարակավ ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, խրախուսել գիտությամբ զբաղվող ուսանողներին, նպաստել գիտական կադրերի պատրաստմանը, համախմբել երիտասարդական գիտական ներուժը, զարգացնել ԵՊՀ-ԱրՊՀ միջբուհական համագործակցությունը, բարձրացնել հայ երիտասարդության հայրենասիրական ոգին, կարևորել Քարվաճառի կենսական նշանակությունը հայ ժողովրդի համար:
Ծրագրի իրականացմանն աջակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ):