Թուրքիան անհանգստություն է արտահայտում Եգիպտոսում զինվորականների գործողությունների կապակցությամբ
Նմանատիպ
Թուրքիան անընդունելի է համարում Եգիպտոսում ռազմական հեղաշրջման միջողոցով նախագահին պաշտոնանկ անելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական CNN Turk գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Մեր կնախընտրենք այն, ինչ կնախընտրի Եգիպտոսի ժողովուրդը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նա անհանգստություն է հայտնել Եգիպտոսում զինվորականների գործողությունների կապակցությամբ և նշել, որ ձերբակալված նախագահ Մուհամեդ Մուրսին ու նրա կողմնակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Գնահատելով Եգիպտոսի դերը տարածաշրջանում’ Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ երկրում սեղմ ժամկետներում պետք է թափանցիկ ընտրություններ իրականացվեն, որոնցում բոլոր քաղաքական ուժերն առանց որևէ խոչընդոտի կկարողանան իրենց մասնակցությունն ունենալ:
Դավութօղլուն նշել է, որ իրենք վարչապետ Էրդողանի հետ միասին կքննարկեն Եգիպտոսի իրադրությունը և դրա հետ կապված հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:
Եգիպտոսի բանակի հրամանատարության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ին հեռացվել էր նախագահի պաշտոնից, մեկուսացվել էր իր շրջապատից և տեղափոխվել Պաշտպանության նախարարություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մուրսին և նրա կողմնակիցները ձերբակալվել են և տարվել Անվտանգության ծառայության շենք: Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահին են ժամանակավորապես հանձնվել երկրի նախագահի լիազորությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում