Դուք շարունակում եք աչք փակել Հայաստանում մարդու իրավունքների սկզբունքները կոպտագույս ոտնահարող այս խայտառակությունների վրա․ Միհրան Հակոբյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին
Հարգարժան տիկին դեսպաններ,
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շատ շուտով ուժային կառույցների միջոցով բռնաճնշումների նոր փուլ է սկսելու, որպեսզի իրեն այլևս քննադատողներ չլինեն: Նիկոլ Փաշինյանը դա արել է անթաքույց` ի լուր աշխարհի, և մեծ բավականություն է ստանում իր անպատժելիությունից: Նախկինում նման հայտարությունների դեպքում ձեր ղեկավարծ դիվանագիտական առաքելությունները և ձեզ աֆիլացված կազմակերպությունները կայծակնային արագությամբ հանդես կգային հայտարարություններով, միջազգային կառույցներում համապատասխան բանաձևեր ընդունել կտային, կսպառնային դիվանագիտական հարաբերությունների սառեցմամբ և տարատեսակ սանկցիաներով: Ձեզ աֆիլացված մեդիան իսկական աղմուկ կբարձրացներ:
Տիկին դեսպաններ, հիմա դուք լռում եք: Դուք շարունակում եք աչք փակել ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքները կոպտագույս ոտնահարող այս խայտառակությունների շարանի վրա: Կարդացեք Նիկոլ Փաշինյանի ասածը` “Very Soon Police and NSS will exercise enough force to gag certain entities”: Կարդացի՞ք: Դե ուրեմն հիշեք, որ հետո էլ եք լռելու: Հիշեք, որ հետո, երբ Նիկոլ Փաշինյանին ու նրա հետ կապ ունեցող մարդկանց հենց նույն Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ասֆալտին փռելով կլռեցնեն ու բանտերը կլցնեն նրանց, ձեզ չեն լսելու, ձեզ բանի տեղ չեն դնելու: Ձեր խոսքը որևէ արժեք չի ունենալու, որովհետև դուք հիմա լռում եք: Հիշեք, որ հետո խոսելու որևէ բարոյական իրավունք չեք ունենալու:
Տիկին դեսպաններ, անկեղծորեն խղճում եմ այսօրվա պաշտոններում ձեզ փոխարինման գալացող դիվանագետներին: Իրենք շատ երկար ձեզանից և օրվա իրենց վերադասներից բացատրություններ են պահանջելու, թե ինչու իրենց խոսքը Հայաստանում որևէ արժեք չունի, որևէ մեկը իրենց խոսքի հետ հաշվի չի նստում: Հիմիկվանից բացատրագրեր գրեք ու թողեք ձեր սեղանների վար, որ ձեզ հաջորդողներն իմանան իրականությունը: Իմանան, որ դրա պատճառը ձեր այսօրվա լռությունն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում