Նիկո՛լ, այլևս երբեք մի խոսիր մեր պատմության ու մեր ժողովրդի հոգեկերտվածքի մասին. Սամվել Ֆարմանյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Ո՛չ մի կորոնավիրուս, ո՛չ մի պատերազմ ու անգամ ո՛չ մի բնական աղետ չի կարող այնքան կործանարար լինել մեզ համար, որքան այն, ինչ անթաքույց ու հետևողականորեն արվում է այսօր. հայ ժողովրդի գիտակցության մեջ մեխել այն փնթի, կեղծ ու մակերեսային դիլետանտիզմը, թե մենք անկարգապահ, սեփական պետությունը չհարգող, օտարի լծից մինև վերջ հոգեբանորեն չձերբազատված, պատմության մեջ սեփական կարգը երբեք չստեղծած ժողովուրդ ենք: Նիկոլ Փաշինյանի առավոտյան եթերն այդ մասին էր:
Չգերազանցված ողբերգություն է տեսնել, թե ինչպես է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն առաջնորդելու կոչված վարչապետը, լավ չճանաչելով սեփական իսկ ժողովրդին, անտեղյակ լինելով նրա իսկ պատմությունը, թշնամական նման քարոզչությամբ անվստահություն սերմանում մեր սեփական ուժերի, մեր ժողովրդի հավաքական որակների հանդեպ: Հլը կողք ու բոլորը նայե՜ք: Հլը ժամանակի հեռվից նայե՜ք: Քո թշնամին սեփական պատմություն իսկ չունեցող իր ժողովրդին փառաբանում` ամպերին է հասցնում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը առավոտից իրիկուն սեփական ժողովրդին է փնովում ու կասկածի տակ դնում նրա հավաքական որակները: Ու այս ամենը ամեն րոպե հնարավոր պատերազմից հինգ պակաս..
Չսխալվե՛ք. Նիկոլի պետականակործան այս քարոզչությունը միայն երկրում ստեղծված աղետալի իրավիճակի պատասխանատվությունն իր ու կառավարության ուսերից գցելու համար չէ: Սա դիվերսիա է: Խորքային իմաստով դիվերսիա ընդդեմ մեր անկախության, ընդդեմ սեփական պետականությունն ունենալուն արժանի լինելու մեր հավատի ու կամքի:
Քաղաքականության, իշխանության, պայքարի ու ամեն ինչի հերն էլ անիծած: Սա, ախր, լրի՜վ ուրիշ հարց է: Չի կարելի կեղծ ու դիլետանտ նման քարոզչությամբ սեփական ժողովրդի ողնաշարը ջարդել: Ու՜ր են մեր վաստակաշատ ազգաբաններն ու պատմաբանները, ու՜ր են սոցիալական հոգեբանության ու այլ ոլորտների մասնագետները: Ինչու՞ չի լսվում նրանց մասնագիտական ձայնը, նրանց սթափեցնող խոսքը, նրանց գիտական խիղճը: Բա էլ ովքե՞ր կարող են այս համատարած աղմուկի մեջ լայն թափ հավաքող քարոզչական այս ազգակործան դիվերսիայի դեմն առնել, եթե ոչ հենց իրենք:
Հ.Գ. Եթե խնդրանքս դիտվի անձնական, թող, որ լինի այդպես: Նիկո՛լ, այլևս երբեք մի խոսիր մեր պատմության ու մեր ժողովրդի հոգեկերտվածքի մասին: Դու ոչ մեր ժողովրդին ես ճանաչում, ոչ էլ նրա պատմությունը գիտես:
Հետևեք մեզ նաև Telegram-ում