Յուրի Վարդանյանն այսօր կդառնար 64 տարեկան. լեգենդար մարզիկի քրոջ որդու հիշողությունները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ուղիղ 64 տարի առաջ հենց այս օրը Լենինականում լույս աշխարհ եկավ Յուրի Վարդանյանն, ով տասնամյակներ անց պետք է հայոց բազկի դյուցազնական ուժը դրսևորեր միջազգային ասպարեզում: Աշխարհի 43-ակի ռեկորդակիր, Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ քառակի, Եվրոպայի՝ հնգակի, աշխարհի՝ յոթակի չեմպիոնի մարզական կարիերային, չեմ սխալվի, եթե ասեմ՝ բոլորս ենք ծանոթ, քանի որ բազմիցս ենք առիթ ունեցել նրանով հպարտանալու:
Իսկ այն մասին, թե ինչպիսին էր տանը, ընտանիքում, ընկերական ու բարեկամական միջավայրում, ի՞նչ մտածմունքներ ու խնդիրներ ուներ, դրանք հաղթահարելու ի՞նչ ճանապարհներ էր փնտրում՝ Aysor.am-ը զրուցել է Յուրի Վարդանյանի քրոջ որդու՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, ԿԳՄՍ նախարարության մարզական կազմակերպությունների կապերի և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանի հետ:
– Պարոն Եղոյան, այսօր Ձեր քեռին՝ Յուրի Վարդանյանը, կդառնար 64 տարեկան: Նրա բացակայությամբ ինչպե՞ս եք նշում ծննդյան օրը, ի՞նչ պլաններ ունեք այսօրվա հետ կապված:
– Դեռևս ամիսներ առաջ Գյումրիում ավարտին էր մոտենում Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարությունը, որի բացումը նախատեսված էր այսօր՝ իր ծննդյան օրը: Դրսից բազմաթիվ հյուրեր պետք է գային: Նաև իր անունով ու դիմանկարով պատվո տախտակ պետք է փակցվեր այն շենքի շքամուտքի պատին, որտեղ ինքն է բնակվել: Գյումրու քաղաքապետը շատ լավ միջոցառում էր ծրագրել, սակայն, ցավոք, համավարակի հետ կապված արտակարգ դրություն է, այս պայմաններում այն իրականացնել հնարավոր չէ, հյուրերն էլ չեն կարող գալ: Մարզադպրոցի և հուշատախտակի բացման արարողությունը հետաձգվեց, մինչև կյանքը նորից բնականոն հունին վերադառնա: Այսօր բարեկամական նեղ շրջանակով՝ 7-8 հոգով, գնացինք Կոմիտասի անվան պանթեոն, իր շիրիմին ծաղիկներ դրեցինք, խնկարկեցինք ու եկանք:
– Իր ընտանիքը՝ կինը, որդիները, հիմա Հայաստանո՞ւմ են:
– Ընտանիքը մեկ ամսով գնաց ԱՄՆ, պետք է արդեն վերադարձած լինեին, բայց սահմանափակումների պատճառով չեն կարողանում: Բայց տատիկս՝ Յուրի Վարդանյանի մայրն, այստեղ է:
– Դուք Գյումրիո՞ւմ եք ապրում:
– Մոտ երկու տարի է՝ Երևանում եմ ապրում:
– Յուրի Վարդանյանն ինչպե՞ս, ի՞նչ միջավայրում էր սիրում ծննդյան օրն անցկացնել:
– Այդ օրը սիրում էր ընտանեկան միջավայրում լինել, հեռախոսն էլ 2 օրով անջատում էր: Դե, ճանաչված մարդ էր, բոլորն էլ ուզում էին շնորհավորել, ու հեռախոսն այդ օրերին անդադար զանգում էր, դրա համար ստիպված էր գոնե երկու օր անհասանելի դառնալ ու ընտանիքի հետ անցկացնել: Հատկապես վերջին տարիներին: Չէ՞ որ երկար տարիներ Ամերիկայում է բնակվել, վերադառնալուց հետո ցանկացած առիթ օգտագործում էր հարազատների հետ առանձնանալու համար, երևի ուզում էր տարիների բացակայությունը լրացնել… Պետք է ասեմ՝ իր ծնունդները շատ ուրախ էին անցնում, շատ անկաշկանդ:
– Սպորտային հաղթանակների ժամանակ է՞լ էր սիրում առանձնանալ ընտանիքի հետ:
– Ցավոք, երբ ինքը Օլիմպիական չեմպիոն է դարձել, ես շատ փոքր եմ եղել՝ 1 տարեկան, մյուս հաղթանակների ժամանակ էլ երեխա եմ եղել, լիովին չեմ ընկալել՝ ինչ է կատարվում: Դրա համար մանրամասներ չեմ հիշի: Բայց մայրս պատմում է, որ յուրաքանչյուր հաղթանակից հետո իրենց տունը մի քանի օր շարունակ մարդաշատ է եղել:
– Գյումրեցի սպորտսմենը հումորից ո՞նց էր:
– Շա՜տ հումորով էր, բայց ասեմ, որ հումոր անում, հումորային պատմություններ պատմում էր միայն շատ մտերիմների, հարազատների շրջապատում: Իր կյանքում էլ շատ հետաքրքիր, հումորային դեպքեր են եղել, որոնց մասին միշտ ուրախ տրամադրությամբ էր հիշում… Հիմա այսպես կդժվարանամ ինչ-որ պատմություն մտաբերել:
– Բնույթով շփվո՞ղ էր:
– Հա, շփվող մարդ էր, բայց այդ շփումների մեջ տարբեր էր: Սակայն իր խնդիրների մասին ոչ մեկի հետ չէր կիսվում, չէր ուզում, որ իր ապրումները բոլորն իմանային: Շատ զուսպ մարդ էր, կարողանում էր էմոցիաներին տիրապետել, իր խնդիրներն իր մեջ պահել ու անձամբ լուծում գտնել: Դա իր անցած մարզական կյանքում էլ նկատելի է, շատ դրվագներ կան, որ հասկանում ես՝ մարդը պետք է մեծ ինքնատիրապետում ունենա, որ հոգեբանական պայքարում ևս մրցակցին հաղթի:
– Ինչի՞ մասին էր շատ մտածում, ո՞րն էր իր ամենամեծ հոգսը:
– Թող էմոցիոնալ չհնչի, բայց ինքն իսկապես հայ ժողովրդի ծոցից դուրս եկած զավակ է, իր հաջողություններն իր ժողովրդից «քաղած» էներգիայով էին, ու միշտ ցանկանում էր այդ էներգիան վերադարձնել մեր երկրի կայացմանը, մեր պետականությանը: Միշտ մտածում էր՝ ինչո՞վ ծառայի այս երկրին, իր հնարավորությունը ծառայեցնի Հայաստանին: Ճիշտ է՝ տևական ժամանակ ԱՄՆ-ում ապրեց, բայց բազմիցս էր ասում, որ չի եղել գեթ մեկ օր, որ չմտածի Հայաստան վերադառնալու մասին: Հանգամանքները չէին թողնում…
– Հայաստանում սիրած վայրեր ունե՞ր:
– Գյումրին էր շա՜տ սիրում: Հայաստան վերադառնալուց հետո Երևանում էր ապրում, շաբաթ կիրակի օրերին պարտադիր Գյումրի էր գալիս՝ ժամանակն անցկացնելու բարեկամների շրջանում: Ասում էր՝ այստեղ ես լիցքավորվում եմ: Ընդհանրապես, Հայաստանն իր համար ամուր հող էր, այստեղ իրեն լավ էր զգում:
-Պարոն Եղոյան, սովորաբար, տղաներն իրենց քեռիների հետ շատ կապված են լինում: Մտերի՞մ էիք, սիրում էր խորհուրդներ տալ: Նաև, ի՞նքն է ազդել Ձեր՝ ծանրամարտիկ դառնալու որոշման վրա:
– Չէ, ինքը որևէ ձև չի փորձել ազդել իմ որոշման վրա: Հիմա, երբ տարիների հեռվից վերլուծում եմ, հասկանում եմ, որ փոքր տարիքից ֆիզիկական շատ լավ տվյալներ եմ ունեցել, շատ էի սիրում սպորտը: Սկզբում ըմբշամարտ էի ընտրել, հետո Խաչատուր Քյափանակցյանի և Սերգո Չախոյանի՝ Թուրքիայում տարած հաղթանակներից հետո, տարվեցի ծանրամարտով: Քեռուս անցած սպորտային ճանապարհն էլ ինձ շատ էր ոգևորում: Երբ իմացավ, որ որոշել եմ ծանրամարտով զբաղվել, շատ էր ուրախացել: Իրեն հաճելի էր, որ իր քրոջ որդին այդ ճանապարհն էր ընտրել: Միասին ենք ինձ համար մարզիչ ընտրել: Խուրհուրդ տվեց, թե ում մոտ մարզվեմ: Ես բարդ տարիներին՝ 90-ականներին եմ ծանրամարտով զբաղվել: Ցայտուն հաջողություններ ունեի, բայց, ցավոք, վնասվածքի պատճառով սպորտը շուտ թողեցի:
– Բայց մարզչական աշխատանքով զբաղվում եք:
– Այո, բազմակի չեմպիոններ ունեմ. մարզիչ Աշոտ Մխիթարյանի մահից հետո մեր աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին եմ մարզել, հիմա էլ Սամվել Գասպարյանի մարզիչն եմ, ով, ի դեպ, քրոջս որդին է: Սպորտը երևի մեր արյան մեջ է, մեր ազգում շատերն են այդ ճանապարհն ընտրել, հանրահայտ սպորտսմեններ են՝ ֆուտբոլիստ Հարություն Վարդանյան, կարատեիստ Արմեն Վարդանյան…
– Ֆիզիկապես և հոգեբանորեն ամուր մարդը, երբ իր օրգանիզմում բուն դրած հիվանդության մասին իմացավ, ինչպիսի՞ն էր առաջին արձագանքը: Ընկճվե՞ց, թևաթափ եղա՞վ, թե՞ անմիջապես սկսեց մտածել հաղթահարելու մասին:
– Նախ ասեմ, որ իմ հիշելով՝ հիվանդությունն իր մոտ պատահաբար էր հայտնաբերվել. ընկերոջ բուժման հարցով են գնացել, հերթական սովորական արյան անալիզ է հանձնել: Քաղցկեղն ի սկզբանե արյան մեջ հայտնաբերվեց, հետո անցավ աղիքներ, ստամոքս, թոքեր… Եղել են պահեր, որ ընկճվել է, բայց չի հանձնվել: Կային պահեր, երբ մենք էլ էինք համոզված լինում, որ նա հաղթելու է, հիվանդությունը նահանջելու է: 8 տարի կռիվ տվեց, մինչև վերջին շունչը պայքարեց այդ հիվանդության դեմ, բայց ցավոք՝ այս անգամ չհաղթեց: Իր հարազատները՝ ընտանիքը, իր մայրը, քույրերն, անընդհատ կողքին էին: Այդ վիճակում էլ շարունակում էր մարզվել…
– Եթե չեմ սխալվում, ընտանիքի միակ որդին էր:
– Այո, իրենք 3 քույր ու 1 եղբայր էին: Մեծ զավակը մայրս է, հետո՝ քեռիս, հետո Ոսկեհատ ու Հասմիկ մորաքույրներս:
Հեղինակ՝ Նելլի ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում