Ռուս փորձագետն արցախյան հարցում առաջիկայում տեղաշարժեր չի ակնկալում
Նմանատիպ
Հայաստանի նկատմամբ Ռուսաստանն ունի պարտավորություններ, որոնք պետք է կատարի: Այս մասին vesti.az-ին ասել է ռուս փորձագետ, Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչեւը: Նրա դիտարկմամբ’ ռուսական հասարակական կարծիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր սրման պարագայում Հայաստանի օգտին կլինի: «Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր ջանքերին’ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հնարավոր չեղավ բերել բանակցությունների սեղանի շուրջ ղարաբաղյան հարցը կարգավորելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ նշել է Կալաչեւը’ հռետորական հարց հնչեցնելով’ արդյոք Ռուսաստանն այս իրավիճակում պետք է ակտիվ դերակատարում ունենա: Այդուհանդերձ, նրա կարծիքով’ որևէ կողմին պաշտպանելու դիրքորոշում ընդունելուն Ռուսաստանը, հասկանալի պատճառներով, պատրաստ չէ: «Հայաստանի հետ Ռուսաստանն ունի սերտ կապեր, այստեղ ապրում է մեծաքանակ հայկական համայնք: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ցանկանում է զարգացնել եղբայրական հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ: Այս պարագայում ավելի լավ է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով»,-նշել է ռուս փորձագետը:
Նա Ղարաբաղյան հարցում տեղաշարժեր առաջիկայում չի ակնկալում: Հիշեցնելով միջազգային նախադեպերը’ ռուս փորձագետը նշում է, որ դրա համար պետք է մեկ կամ նույնիսկ երկու սերունդ փոխվի: Բացառված չէ, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կփորձի Հայաստանի հետ հակամարտությունը լուծել ռազմական ուժի կիրառմամբ: Այս առումով, բանախոսի խոսքերով, Ռուսաստանը հանդես է եկել ու գալիս է խաղաղասիրական դիրքերից: «Մոսկվան ամենաքիչն է հետաքրքրված Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախմանը: Մոկվան չի կարող միանշանակորեն պաշտպանել այս կամ այն կողմին: Նրա դերը եղել է ու կլինի կանխարգելող»,-ասել է փորձագետը:
Վերջին ժամանակները Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները ռուսական փորձագետները բնութագրում են որպես լարված: Այն փաստերի շարքում, որոնք հաստատում են այս միտումը, անկախ փորձագետներն առանձնացնում են ռուսական կառավարության կողմից 1996 թվականին ընդունված համաձայնագրի գործողությունների դադարեցման որոշումը: Այդ համաձայնագրով իրականացվում էր ադրբեջանական նավթի տարանցումը Բաքու-Նովոռոսիյսկ գազատարով:
Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաև Պետական նավթային ընկերության ղեկավարությունը հայտարարել են, որ այդ որոշումն ունի զուտ տնտեսական բնույթ: Բայց չպետք է մոռանալ, որ քաղաքականությունը տնտեսության կենտրոնացված արտահայտումն է: Ցանկության դեպքում տվյալ քայլում կարելի է գտնել նաև քաղաքական դրդապատճառներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում