Պետք չէ թույլ չտալ, որ ԲՀԿ թիմի նկատմամբ անհամաչափ ուժ կիրառվի. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

Պետք չէ թույլ չտալ, որ ԲՀԿ թիմի նկատմամբ անհամաչափ ուժ կիրառվի. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՄեր կուսակցությունը քաղաքական գնահատական կտա, բայց այսօրվա բռնության, ոստիկանական ուժերի տեսքով իրողությունները հստակ դատապարտելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ԼՀԿ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ խոսելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված գործողությունների մասին:

Խաժակյանը նշեց, որ իր պարտք է համարում ներկա լինել ԱԱԾ դիմաց տեղի ունեցող ակցիային, քանի որ տեսել է՝ անհամաչափ ուժ է կիրառվում պատգամավորների, քաղաքացիների և իր մյուս գործընկերների նկատմամբ: «Ստեղծված իրավիճակի համար իշխանությունը արտակարգ դրությունը օգտագործում է, որպես ևս մեկ ճնշման գործիք»:

Հարցին, թե ԲՀԿ խմբակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մեղադրվում է ընտրակեղծիք կատարելու և ընտրակաշառք բաժանելու մեջ, և արդյո՞ք Խաժակյանը հավատում է դրան, վերջինս նշեց, որ չի կարող պատասխանել, քանի որ այդ ժամանակներին տեղի ունեցած իրողություններից տեղյակ չէ:

«Բայց իշխանությունն առանց այդ փաստարկը հիշատակելու՝ համագործակցել է շուրջ երկու տարի ընդդիմության հետ և ըստ երևույթին՝ մոռացել են իրենց կնքած հուշագրի մասին, գնահատականները և հարուցել են նման գործընթաց: Եթե ապացուցվի, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել, ես դրա հետ խնդիր կամ առարկություն չեմ ունենա, բայց նույնիսկ, երբ դա ապացուցվի ու կրկին իրենց թիմը գա այստեղ, իրենց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառվի, ես կրկին գալու եմ այստեղ, որովհետև իրավական պետությունը չի ենթադրում, որ մենք պետք է աչք փակենք ոստիկանների բռնության վրա»,- նշեց նա:

Խոսելով Ծառուկյանին առնչվող երեք քրեական գոծերի առկայության և սրանից ենթադրվող Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելությունից զրկելու փորձի հարցի վերաբերյալ ԼՀԿ-ի կարծիքի մասին՝ Խաժակյանը նշեց. «Յուրաքանչյուր պարագայում պատրաստ ենք քաղաքական գնահատական տալ և որևէ կաշկանդվածություն չունեն»:

Ըստ նրա՝ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առանց խորշելու մտնում է իրենց ձախողումների մասին խոսող պատգամավորների անձնական կյանք և նեգատիվ ալիք ստեղծում: «Այս առումով՝ չեմ զարմանա, որ նրանք տրցակներ ունեն և շատ ուժերի ներկայացուցիչների վերաբերյալ, որոնց վերհանման համար հարմար պահի են սպասում: Այդ գործելաոճը բնորոշ չէ ժողովրդավար պետության իշխանության գործելաոճին, հակաիրավական գործելաոճ է»:

Խաժակյանի խոսքով՝ արտակարգ դրության, համավարակի ընթացքում իրատեսական չէր իշխանության կողմից նման հարցուցված գործընթացը, որի հետևանքները հարյուր տոկոսով պարզ էր՝ մասսայական հավաքներն են: «Հետո էլ ճնշում ես այդ հավաքը և նշում, որ արտակարգ դրություն է, իրավունք չունեք հավաք իրականացնելու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում