«Փաստ»․ Ինչո՞ւ «թիթեռի կյանք» ունեցավ շրջիկ մեքենաներից Փաշինյանի ձայնով հնչող կոչը

«Փաստ»․ Ինչո՞ւ «թիթեռի կյանք» ունեցավ շրջիկ մեքենաներից Փաշինյանի ձայնով հնչող կոչը

«Եթե նախկինում ոստիկանական և ԱԻՆ շրջիկ մեքենաներից կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակ կրելու, ձեռքերն ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահելու մասին հայտնի հայտարարությունը հնչում էր ենթադրաբար ԱԻՆ աշխատակցի ձայնով, ապա շաբաթ օրը առավոտ կանուխ արդեն «խոսում էր» Նիկոլ Փաշինյանը։

Փաստացի, որոշվել էր ԱԺ նիստում վեցանգամյա փորձերից ավելի լավ ստացվածով զգաստացնել մարդկանց: Սակայն այդ նորամուծությունը, ինչպես ասում են, «թիթեռի կյանք» ունեցավ: Կիրակի շրջիկ մեքենաներից նորից հնչում էր «հին, բարի» ձայնը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, դրա պատճառն այն է, որ Փաշինյանի ձայնով հայտարարությունը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել հանրության շրջանում: Ավելին, որոշ դեպքերում քաղաքացիներ են մոտեցել այդ մեքենաներին և խնդրել «էդ ձայնն անջատել», որովհետև ազդում է մարդկանց նյարդերի վրա:

Մեր աղբյուրները պնդում են, որ այդ մասին զեկուցվել է վարչապետին՝ հուշելով, որ այս նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում և կարող է էապես ազդել Փաշինյանի՝ առանց այդ էլ փլուզվող վարկանիշի վրա: Ըստ այդմ էլ որոշվել է դադարեցնել նորամուծությունը:

Հիշեցնենք, որ վարչապետը ԱԺ-ում հիշյալ կոչը հնչեցրել էր 6 անգամ՝ հավելելով.

«Սիրելի հայրենակիցներ, այս իրավիճակից ելքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Եվ այսպես՝ 1+1+1+1… և հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների ջանքերով, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները՝ առանց տուրք տալու էժան ապատեղեկատվությանը, առանց տուրք տալու ստահոդ լուրերին: Եվ մենք միասին կհաղթենք»»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում