Պատգամավորներին այլ ձևակերպումով արարք է ներկայացվել, դատարանին՝ այլ. պաշտպան

Պատգամավորներին այլ ձևակերպումով արարք է ներկայացվել, դատարանին՝ այլ. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները դատարանում նրա կալանավորման միջնորդությունը քննելիս ներկայացրել են մի քանի խիստ էական հանգամանքներ։ Միջնորդության քննության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գ.Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ Նրա ներկայացմամբ, այդ կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ ձևակերպված արարքը խիստ էական տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան։

«Սա խիստ կարևոր է։ Երբ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում Ազգային ժողով, պետք է հիմնավորի, որ, այո, այս արարքի պարագայում անձին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն է առկա։ Բայց պարզվում է, որ այլ ձևակերպումներով ստանում են համաձայնություն, իսկ դատարան են ներկայացնում այլ ձևակերպմամբ արարք», – ասաց փաստաբանը։

Ե.Սարգսյանի խոսքով, ԱԺ-ին ներկայացրել էին, թե իբրև Գ. Ծառուկյանը խմբի կազմում կաշառք է տվել ընտրողներին, միջնորդության մեջ ձևակերպումն այլ է՝ «ղեկավարել է խումբ, որի շրջանում տրվել է կաշառք»։

Նա ասաց, որ կալանավորման միջնորդություն ներկայացրած կողմը դատարանում չի կարողացել հիմնավորել ու այնպիսի փաստաթուղթ ներկայացնել, որն իր բովանդակությամբ կտարբերվեր փետրվարի 5-ին ներկայացված փաստաթղթի բովանդակությունից։

Պաշտպանն ընդգծեց, որ դատարանում չի ներկայացվել գոնե մեկ ապացույց, փաստական տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անձի անձամբ է կաշառք տվել կամ որևէ մեկին ասել է գումար տվեք ընտրակաշառքի համար, որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանն իմացել է, որ որևէ մեկին կաշառք են տալիս, իսկ մնացած ամեն ինչը ենթադրություններ են։

«Աբսուրդ է, երբ ենթադրությունների համար ուզում են մարդ կալանավորել»,- ասաց Ե. Սարգայանը։

Նա նաև նշեց. «Եթե կաշառքով հարուցված քրեական գործ չկա, ինչպես է ստացվում, որ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարում է, որ մի շարք քրեական գործեր են առկա, այն էլ ընտրակաշառքների վերաբերյալ։ Դրանից հետ միանգամից որոշվեց, որ կոնկրետ անձը, որին չորս ամսի առաջ հարցաքննել էին, նորից հարցաքննել, նորից տվյալ չստացան, քրեական գործը հարուցեցին։

Այսինքն՝ եթե նույիսկ որոշակի տեղեկություն ունի, որ պետք է հարուցվի, արդեն նշանակում է քաղաքական բնույթի մասին։ Չի կարող լինել չհարուցված քրեական գործ, բայց վարչապետի մամուլի խոսնակը գիտի, որ պետք է հարուցվի ու հայտարարեց»,- ասաց Ե. Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 17-ից քննվում է Գ. Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել է ԱԱԾ-ն։ Միջնորդությունը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։

ԱԱԾ-ում քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի դեմ։ ԲՀԿ առաջնորդը դրանք համարում է սարքած գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։

Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել են նրան անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։

Տեսանյութը՝ Aysor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում