Ստամբուլի Գեզի զբոսայգին կբացվի այցելուների համար
Նմանատիպ
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող Գեզի զբոսայգին պաշտոնապես կբացվի հուլիսի 7-ին: Այս մասին Twitter սոցիալական կայքի իր էջում գրել է Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն:Ստամբուլի 1-ին ատյանի դատարանը հուլիսին չեղյալ էր համարել Թաքսիմի հրապարակում շինարարություն իրականացնելու վերաբերյալ գոյություն ունեցող նախկին որոշումը: Թուրքական դատարանի կայացրած որոշմամբ դադարեցվելու էին նաև Գեզի զբոսայգում նախատեսված առևտրի և զվարճանքների կենտրոնի կառուցման աշխատանքները:
Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 5 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել են 2.5 միլիոն մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում