Ալաշկերտը հաղթեց Լոռիին ու ապահովեց տեղը եվրագավաթներում (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է Վանաձորի «Լոռիին» և խոշոր՝ 5-1 հաշվով կամային հաղթանակ տարել:
Հատկանշական է, որ խաղի հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացել են վանաձորյան թիմի ֆուտբոլիստները. Ուգոչուկվու Իվուն է գրավել երևանյան թիմի դարպասն ու առաջ մղել «Լոռիին»: Այնուհետև՝ 11-րդ րոպեին, Տիագո Գալվաոն տուգանայինից կատարած հարվածով կարողացել է գրավել վանաձորյան թիմի դարպասն ու հավասարեցրել խաղի հաշիվը: Թիմերն այդպես էլ գնացել են ընդմիջման:
Երկրորդ կեսն արդեն մեկնարկել ու անցել է «Ալաշկերտի» զգալի առավելությամբ: Հենց մեկնարկում՝ 48-րդ և 49-րդ րոպեներին «Ալաշկերտի» կազմում գոլեր են հեղինակել Պապե Կամարան ու Ալեքսանդր Գլիշիչը: Վերջինս, 20 րոպե անց նաև դուբլ է գրանցել իր ակտիվում ու հաշիվը դարձրել խոշոր՝ 4-1:
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին փոխարինման մտած Էդուարդ Ավագյանը 5-րդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
Այսպիսով, «Ալաշկերտը» գերվստահ հաղթանակ է տարել ու եվրագավաթների ուղեգիր ապահովել: Երևանյան թիմն իր միավորների թիվը հասցրել 44-ի. Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում ու վերջին տուրում խաղալով «Շիրակի» դեմ՝ կվիճարկի առաջնության բրոնզե մեդալները: «Շիրակը» վերջին տուրից առաջ իր ակտիվում 46 միավոր ունի:
Ինչ վերաբերում է «Լոռիին», ապա վանաձորյան թիմը 40 միավորով գտնվում է 4-րդ տեղում: Հաջորդ տուրում «Լոռիի» մրցակիցը կլինի «Արարատը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում