Այդպե՞ս են կանխում պատերազմը. քաղաքագետ

Այդպե՞ս են կանխում պատերազմը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, FacebookԱյսօր շատ մարդ է ինձ հարցրել, թե վերջն ի՞նչ կլինի Տավուշում և Ադրբեջանի հետ հայկական պետությունների սահմանի մնացած հատվածներում։ Կլինի՞ պատերազմ, թե ոչ։ Այս հարցին հնարավորինս հստակ պատասխանելու համար պետք է նայել, թե ի՞նչ է անում հայկական պետությունը որպեսզի պատերազմ չլինի։ Բարդ բան չէ, եկեք միասին նայենք։

Սկսենք Կառավարության նիստից և այնտեղ վարչապետ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունից և ապա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղած հարցադրումներից։ Դուք այնտեղ պատերազմ կանխող որևէ լուրջ բան լսեցի՞ք։ Խոսք, ծրագիր, գործողությունների պլան… Ի՞նչ կար Կառավարության նիստում, բացի վարչապետի կողմից պաշտպանության նախարարին ուղղված քննադատություն, որ միգուցե ադրբեջանցիների նպատակը դիրք զավթելը չէր, այլ կորցրած մեքենան հետ տանելը։ Մառազմ։

Իսկ վարչապետի տիկնոջ հայտարարությու՞նը, որ էլի, վստահ եմ, հենց Փաշինյանի մտորումներն է արտահայտում։ Ուրեմն ադրբեջանցիները երկու օր շարունակ դիվերսանտներով, ականանետներով, թնդանոթներով ու տանկերով ուզում են մեր դիրքը գրավեն, սահմանամերձ գյուղերն են հրթիռակոծում իսկ սրանք խաղաղություն են մուրում։ Այդպե՞ս են կանխում պատերազմը։

Շարունակենք։ ՀՀ ԱԳՆ մի քանի ժամը մեկ արվող «խիստ դատապարտող» հայտարարությունները կարդացե՞լ եք։ Կասե՞ք ինձ՝ ի՞նչ խնդիր է լուծվում նման տեքստերով։ Ի՞նչ, մտածում են, որ եթե շատ խիստ դատապարտեն, ապա Ադրբեջանը կսսկվի, իսկ աշխարհն էլ մեզ ծափ կտա՞։ Լու՞րջ։ Ի՞նչ արդյունք է ունեցել ՀՀ ԱԳՆ-ն այս երկու օրվա ընթացքում։ Զրո։ ՀԱՊԿ-ը ներքաշելու անիմաստ, ստորացուցիչ ու նաև վտանգավոր հետևանքներով հղի դատարկ փորձ, բովանդակազուրկ զրույց ՌԴ արտգործնախարարի հետ։ Ե՞վ։ Հա ճիշտ է, մեկ էլ տեղեկատվական ծառայությունների մատուցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այդպե՞ս են կանխում պատերազմը։

Ոչ, սիրելի ընկերներ, պատերազմն այդպես չեն կանխում։ ՀՀ պաշտպանության նախարարն երեկ ասել էր, թե ոնց են կանխում պատերազմը՝ դիրքեր բարելավելով, թշնամուն խիստ պատժելով ու վերջնագրերի լեզվով խոսալով։ Համենայն դեպս, այս փուլում այլ հնարավորություն արդեն չկա։ Ու մեր բանակը պատրաստ է դրան։ Հերթական անգամ տեսանք ու համոզվեցինք, որ պատրաստ է, կարող է այդ խնդիրը լուծել։ Մնում է քաղաքական որոշումը։ Ու այստեղ է, որ բախվում ենք ամենամեծ խնդրին։ Որովհետև քաղաքական որոշում կայացնողները սկզբից պետք է սորոսենց հետ ճշտվեն, հետո աղանդավորների, հետո ԱՄՆ դեսպանատան, հետո էլի ուրիշների հետ։ Բայց այդքանից ավելի շուտ պետք է մի քիչ գրագետ լինեն, ազգ ու հայրենիք սիրեն, հասկանան ինչ է նշանակում պետություն ղեկավարել։

Կարո՞ղ է ՀՀ ներկայիս իշխանությունը վերոնշյալ քաղաքական որոշում կայացնելու կամք ունենալ ու հնարավորություն ունենալ։ Իմ պատասխանն է՝ ոչ։ Չի կարող։ Հետևաբար նաև պատերազմը հնարավոր չի լինի կանխել։ Այն արդեն հասունացել է, ու դրա միակ պատասխանը մեր հզոր Բանակն է։ Վստահ եմ՝ թշնամու ատամներն այս անգամ էլ կջարդվեն։ Բայց այն փաստը, որ քաղաքական իշխանության տգիտությունից ու անհեռատեսությունից ծնված խնդիրները զինվորների արյամբ են շտկվում, անտանելի ցավալի է։ Քարը քարի վրա չդրած իշխանությունն այսօր երկիրը կանգնեցրեց նոր պատերազմի շեմին։ Հետո էլ ասում են, թե ինչու՞ եք պայքարում Նիկոլի ու նրա ապիկար քաղաքական թիմի դեմ…

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում