ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է Ռամադան ամսվա ընթացքում Սիրիայում դադարեցնել ռազմական գործողությունները
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն առաջարկել է Սիրիայի իշխանություններին ու զինված ընդդիմությանը հուլիսի 9-ին սկսվող Ռամադան ամսվա ընթացքում երկրում դադարեցնել ռազմական գործողությունները: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի հուլիսի 8-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ:
«Կոչ եմ անում կանոնավոր զորքերի ու Ազատ սիրիական բանակի յուրաքանչյուր զորամասի, բոլոր նրանց, ով ձեռքին զենք ունի, դադարեցնել մարտերը եւ խաղաղության այս ամիսը որպես ընդհանուր նվեր մատուցել ժողովրդին եւ դա անել ամբողջ Սիրիայում»,- հայտարարել է Պան Գի Մունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին սիրիական ընդդիմությունն առաջարկել է երկրի նախագահ Բաշար Ասադին Ռամադանի ընթացքում դադարեցնել մարտական գործողությունները Հոմս քաղաքում:
Ասադի հակառակորդների ու կողմնակիցների միջեւ դիմակայությունը, որը վերաճել է լիամասշտաբ քաղաքացիական պատերազմի, շարունակվում է 2011 թվականի մարտից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում