«Ֆեմեն»-ի ակտիվիստին փախստականի կարգավիճակ են տվել Ֆրանսիայում
Նմանատիպ
Ուկրաինական «Ֆեմեն» խմբի ակտիվիստը քաղաքական ապաստանի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում: 23-ամյա Իննա Շևչենկոն իր հայցն ուղարկել էր անցած փետրվարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Itar-tass-ը, այդ մասին հայտնել են Ֆրանսիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության վարչությունից:
«Ապաստան ստանալու խնդրանքը մեզ համար ռազմավարական քայլ է, քանի որ շարժման զարգացման համար մեզ պետք է ինչ-որ տեղ, ինչ-որ երկիր»,-ասել է ակտիվիստը «Ֆրանսպրես» գործակալությանը: Ուկրաինայում նրան հետապնդում են նրա համար, որ սղոցել է Կիևի փայտե հուշարձան-խաչը որպես բողոքի նշան «Փուսի Ռայըթ» խմբի մասնակիցների դեմ դատին:Ակտիվիստը զբոսաշրջային հրավերով մեկնել էր Ֆրանսիա 2012 թվականին:
2013-ի փետրվարի 12-ին’ Հռոմի Բենեդիկտոս XVI պապի հրաժարականից հետո, «Ֆեմեն»-ի ակտիվիստները, Իննա Շևչենկոյի գլխավորությամբ, իրականացրել են ակցիա Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ: Անցորդների և զբոսաշրջիկների աչքի առջև աղջիկները սկանդալ են բարձրացրել’ բղավելով’ «Պապն էլ չկա», «Մնաս բարով, Բենեդիկտոս», և վնաս պատճառել եկեղեցական գույքին: Ֆրանսիացի քաղաքական գործիչներն այդ արարքը որակել են որպես ոչ բանական, բայց դա չի խանգարել, որ Շևչենկոն ստանա փախստականի կարգավիճակ:
Հուլիսի 3-ին «Ֆեմեն»-ի ակտիվիստներն ակցիա էին կազմակերպել Ելիսեյան պալատի դիմաց: Այն համընկնում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թունիս մեկնելու հետ: Ակցիան ուղղված էր ֆեմինիստ Ամինա Թայլորի աջակցությանը, ով գտնվում էր թունիսյան բանտում: Աղջիկը սոցիալական ցանցում տեղադրել է իր մերկ լուսանկարները: Թեյլորին դատապարտել են մահապատժի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում